Բրաունի համալսարանի ամերիկացի գիտնականները 2030 թվականին հեպատիտ C–ի նկատմամաբ լիակատար հաղթանակ են կանխատեսում։ Իհարկե, խոսքը դեռեւս ԱՄՆ միայն մեկ նահանգի՝ Ռոդ Այլենդի տարածքում դրա վերանալու մասին է։ Դրա պատճառը, ըստ հետազոտողների, այն բնակիչների թվի աճն է, որոնք ամեն տարի բուժման կուրս են անցնում։ Ընդ որում, հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը 90 տոկոսով պակասել է, իսկ լյարդի դիսֆունկցիայից մահացության դեպքերը պակասել են 70 տոկոսով։ Հետազոտությունը հրապարակվել է Epidemiology & Infection ամսագրում։
Բժիշկները մոդել են կազմել, որպեսզի կանխատեսեն, թե բժշկության զարգացումը եւ բուժման ժամանակակից մեթոդների տարածումն ինչպես են ազդում հեպատիտով հիվանդացության վրա։ Դրա համար նրանք օգտագործել են 1950-ից հետո վարակվածների թվի աճի, հեպատիտ С–ի վիրուսի տարբեր շտամերի տարածման եւ հիվանդների մահացության մասին տվյալները։ Դրանից հետո գիտնականներն օգտագործել են տարբեր սցենարների վերլուծության մոդել։

Բուժման առաջին սցենարը սահմանափակվել է երրորդ եւ ավելի ծանր աստիճանի լյարդի ֆիբրոզով տառապող տարեկան 215 հիվանդների հետազոտությամբ։ Երկրորդ սցենարի դեպքում տարեկան երկու անգամ բժշկական օգնություն է ցուցաբերվելու 430 հիվանդի, ինչպես նաեւ երկրորդ աստիճանի ֆիբրոզ ունեցող մարդկանց։ Երրորդ դեպքում կրկնակի բուժման են ենթարկվել 430 հիվանդ՝ անկախ հիվանդության աստիճանից։ Հեպատիտի ոչնչացման սցենարը նախատեսում է միջոցներ, որոնք անհրաժեշտ են 2030-ին ինֆեկցիայի տարածումը 90 տոկոսով նվազեցնելու համար։ Պարզվել է, որ դրա համար անհրաժեշտ է բուժօգնություն ցուցաբերել տարեկան 2 հազար մարդու։
Գիտնականները նշում են, որ հետազոտությունները չեն նախատեսում հնարավոր ծախսերը, որոնք, հավանաբար, տասնյակ միլիոնավոր դոլարներ կկազմեն։ Սակայն այդ ծախսերը կփոխհատուցվեն ցիռոզի, լյարդի անբավարարության եւ քաղցկեղի հազարավոր դեպքերի կանխման հաշվին։
«Մենք Ռոդ Այլենդում հեպատիտի շուրջ տիրող իրավիճակի զարգացման մի քանի սցենար ենք կազմել եւ դրանց հիման վրա պարզել, որ վիրուսն, ամեն դեպքում, գրեթե լիովին կոչնչացվի 2030-ին։ Դրա համար, բնականաբար, լուրջ ֆինանսավորում է պետք եւ մասնագետներ։ Բայց հեպատիտ C–ի ոչնչացումը այն բանը չէ, որը կարելի է անտեսել»,– ասում են բժիշկները։






