Ռոսպոտրեբնադզորը քննարկում է երեխաների պատվաստումից հրաժարման համար ծնողների նկատմամբ իրավական պատասխանատվություն մտցնելու հարցը: Այդ մասին երիտասարդական «Իմաստների տարածք Կլյազմայում» ֆորումի ընթացքում հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Շատ տարբեր պրակտիկաներ կան: Անհրաժեշտ է, որ հասարակությունը պատրաստ լինի նման լուծումների: Ամենաօպտիմալ լուծումները, կարծում եմ, մենք կնախապատրաստենք: Այսօր դրանք քննարկվում են», – նշել է նա:
«Անհրաժեշտ է անել դա, որովհետեւ անհրաժեշտ է մեր երեխաներին պաշտպանել վարակներից, որոնցից նրանք կարող են պաշտպանված լինել», – ընդգծել է Պոպովան` հավաստիացնելով, որ խնդրի լուծման մեթոդները կհիմնվեն համաշխարհային պրակտիկայի վրա, բայց կհարմարեցվեն Ռուսաստանի պայմաններին:
Երեխաների պատվաստումից հրաժարվող ծնողների մասին հարցը Պոպովային տվել է ֆորումի մասնակիցներից մեկը: Աղջիկն առաջարկել է հրաժարման համար իրավական պատասխանատվություն մտցնել, իսկ ռոսպոտրեբնադզորի ղեկավարն աջակցել է այդ գաղափարին: «Այլ երկրների փորձն ասում է, որ նման միջոցներ վաղուց են մտցված եւ օգտագործվում են: Առկա է Ավստրալիայի օրինակը, երբ վարչական պատասխանատվության են ենթարկում, կա այլ երկրների օրինակը, երբ օրենսդրորեն սահմանված է, որ երեխան չի կարող ընդունվել կոլեկտիվում, նա ուղղակի դպրոց չի գնում», – նշել է Պոպովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե պետությունը փող է տալիս պատվաստման համար եւ ծնողները դրանից չեն օգտվում` վտանգի ենթարկելով այլ երեխաների, ուրեմն նրանք չեն օգտվի նաեւ այլ բարիքներից, որ տալիս է պետությունը: Իհարկե այդ հարցն անհրաժեշտ է քննարկել, որովհետեւ շատ վատ է, եթե ծնողները նման բարձր ռիսկի են ենթարկում սեփական երեխայի կյանքը», – ասել է Պոպովան:






