Ճապոնիայում համակարգիչը փրկել է քաղցկեղով հիվանդ կնոջ կյանքը: Տոկիոյի համալսարանի Բժշկական գիտությունների ինստիտուտի բժիշկները (The University of Tokyo's Institute of Medical Science) Watson ծրագիրն օգտագործել են` ճշտելու հիվանդի ախտորոշումը, եւ համակարգիչն օգնել է բուժման ճիշտ սխեմա մշակել:
Երբ ուռուցքային հիվանդությամբ տառապող 60-ամյա կինը դիմել է բժիշկներին, նրանք կնոջ մոտ նախ սուր միելոիդային լեյկոզ են ախտորոշել են բուժում են նշանակել: Սակայն բժիշկների նշանակած դեղամիջոցներից ոչ մեկը չի օգնել: Բժիշկներից մեկի` պրոֆեսոր Արինոբու Տոդզոյի (Arinobu Tojo) խոսքով, ինքը եւ իր գործընկերները շփոթված էին: Բժիշկները որոշել են համակարգչային վերլուծություն օգտագործել:
Նրանց հարցի պատասխանը փնտրել է Watson գերհամակարգիչը, որը դեռեւս 2011-ին համարվել է երկրի վրա ամենախելացի մեքենան: Այն հիվանդի գենետիկական տվյալները համեմատել է ուռուցքաբանության ոլորտում 20 մլն կլինիկական հետազոտությունների հետ: Արհեստական ինտելեկտի տված ախտորոշումը տարբերվել է նրանից, որն ավելի վաղ հնչեցրել էին ճապոնացի բժիշկները. ծրագիրը կնոջ մոտ լեյկոզի այլ տեսակ է ի հայտ բերել: Այդ տեղեկությանը համապատասխան, Watson-ը բուժման այլ սխեմա է առաջարկել: Թերապիան ուռուցքային հիվանդին օգնել է, այդպիսով համակարգիչը փրկել է նրա կյանքը:
Պարզելու համար, թե հիվանդն ինչ հիվանդություն ունի, բժիշկներն ամենից հաճախ օգտագործում են գենետիկական տվյալների վերլուծության մեթոդը, բայց տեղեկությունների մեծ ծավալի պատճառով այդ խնդիրը չի կարելի հեշտ համարել: Գերհամակարգիչը կարողացել է ստանձնել դա, եւ, ինչպես հայտնել է պրոֆեսոր Տոդզոն, դա Ճապոնիայում առաջին նման դեպքն է:






