Պարգեւ ստանալու հնարավորության ուժեղ շեշտադրումը՝ ինքնակառավարման բացակայության հետ միասին, կապված են հանցագործություն կատարելու միտման հետ: Նիդեռլանդական Նեյմեգենից հետազոտողների խոսքով՝ ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ այս համակցությունը գոյություն ունի փսիխոպատիկ հանցագործների մոտ:

Գիտնականները փորձ են անցկացրել փսիխոպատիկ հակումներով 14 դատապարտյալի եւ հանցագործություն չկատարած 20 անձի մասնակցությամբ, որոնց կեսից ավելին էլ փսիխոպատիայի սանդղակով բարձր միավոր են ունեցել: Մասնակիցները թեստեր են լրացրել, իսկ նրանց ուղեղի գործունեությունն այդ ընթացքում չափել են ՄՌՏ-ի օգնությամբ: Հետազոտողները նկատել են, որ բազմաթիվ փսիխոպատիկ գծերով (ինչպես քրեական, այնպես էլ ոչ քրեական) մարդանց ուղեւղում պարգեւատրման կենտրոնը չափազանց ակտիվ է եղել, քան առանց փսիխոպատիկ գծերի մարդկանց պարագայում:

Քրեական եւ ոչ քրեական փսիխոպատների մոտ եւս մեկ հետաքրքիր տարբերություն է եղել: Պարզվել է՝ տարբերություն կա պարգեւատրման կենտրոնի եւ առաջնային ուղեղի մեջտեղի հատվածի միջեւ: Այս հատվածների միջեւ լավ կապն ինքնակառավարման գլխավոր պայմաններից է: Ըստ գիտնականների՝ հանցագործություն կատարելու միտումն առաջանում է պարգեւատրման ուժեղ շեշտադրման եւ ինքնակառավարման բացակայության համադրության հետեւանքով:

Փսիխոպատիան մի քանի բնորոշող նախանշան ունի: Մի կողմից՝ դա կարեկցանքի եւ զգացմունքայնության բացակայությունն է: Մյուս կողմից՝ իմպուլսիվ եւ լուրջ հակասոցիալական, եսակենտրոն պահվածքը: Այս իմպուլսիվ եւ հակասոցիալական գծերի առկայությունը հանցավոր վարքագիծը կանխատեսում է ավելի հստակ, քան կարեկցանքի բացակայությունը: Ըստ մասնագետների՝ գլխուղեղի նման շեղումները հաճախ կապված են ժառանգականության, բայց նաեւ պատանեկության տարիքում վատ վերաբերմունքի եւ ուժեղ սթրեսի հետ:

Գիտնականները կարծում են, որ ուղեղի սքանավորման արդյունքները կարող են ապագայում օգտագործվել դատա-հոգեբուժական փորձաքննության եզրակացություն կազմելիս: Հետազոտության արդյունքների մանրամասներին կարելի է ծանոթանալ Social Cognitive Neuroscience and Affective Neuroscience ամսագրում: