Kaiser Permanente-ից հետազոտողները երկու եւ ավելի երեխաների ծնողներին, որոնց ավագ երեխայի մոտ աուտիզմ է ախտորոշվել, խորհուրդ են տալիս կրտսեր երեխաներին եւս ստուգել` պարզելու, թե արդյոք աուտիստիկ սպեկտրի հիվանդություններ չունեն:   Նրանք նման խորհուրդ են տալիս գիտական աշխատանքի հիման վրա, որի արդյունքները հրապարակվել են  Journal of Developmental & Behavioral Pediatrics թերթում: Գիտնականները հայտնաբերել են, որ եթե ընտանիքում ավագ եղբայրը կամ ավագ քույրը աուտիստներ են, կրտսեր երեխայի մոտ այդ հիվանդության զարգացման հավանականությունն աճում է   14 անգամ:

Գիտական խումբը վերլուծել է Հարավային Կալիֆորնիայից բազմաթիվ ընտանիքների բժշկական տվյալները, որոնցում  2001 եւ 2010 թվականներին նույն մորից   28—42 շաբաթական հղիության արդյունքում ծնված  2 եւ ավելի երեխա է եղել:  Ընդհանուր առմամբ նման երեխաների թիվն ավելի քան 50 հազար է եղել եւ նրանցից մոտ 600-ի մոտ աուտիստիկ սպեկտրի խանգարումներ են ախտորոշվել:   Մասնագետները պարզել են, որ այն ընտանիքներում, որտեղ ավագ երեխաները առողջ են եղել, կրտսերների մոտ աուտիզմի զարգացման ռիսկը կազմել է    0,92 տոկոս: Իսկ եթե ավագ երեխան ընտանիքում աուտիստ է եղել, այդ ռիսկն աճել է մինչեւ  11,3 տոկոս: Միաժամանակ ԱՍԽ-ի զարգացման հավանականությունը կախված է եղել նաեւ ծննդյան ընթացքում գեստացիոն տարիքից. այն կրտսեր երեխաները, որոնք ժամանակից շուտ են ծնվել   (28-36 շաբաթականում) ավելի փոքր ռիսկի են ենթակա եղել, քան  նրանք, ում մայրերը երեխաներին կրել են մինչեւ   37-42 շաբաթ: Սակայն եւ նրանց, եւ մյուսների մոտ, աուտիզմի հայտնաբերման շանսերն անհամեմատ ավելի բարձր են եղել, եթե ավելի մեծ երեխան նման ախտորոշում է ունեցել, քան նրանց մոտ, ում ավագ եղբայրներն ու քույրերն առողջ են եղել.  10 անգամ անհաս երեխաների համար եւ 15 անգամ` հասուն: Բացի այդ, աուտիստ եղբայրներ ունեցող տղաների մոտ այդ խանգարումն ախտորոշվել է ավելի հաճախ, քան այն աղջիկների, որոնց քույրերն էին տառապել աուտիզմով.  15 տոկոս եւ 7 տոկոս համապատասխանաբար:

Հետազոտության ղեկավար Դարիոս Գետաունը հայտնել է, որ այդ հետազոտությունը կօգնի առաջընթաց արձանագրել այն հարցի ընկալման մեջ, թե ինչ եղանակով է աուտիզմի զարգացումը կախված երեխայի սեռից:  Սակայն նա նշել է, որ աղջիկների եւ տղաների միջեւ նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ աղջիկների մոտ ավելի հազվադեպ են աուտիզմ ախտորոշում: 

Աուտիզմին նվիրված եւս մեկ հետազոտություն է կատարել Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան, գիտական խումբը ղեկավարել է Կատարինա Ցուկերմանը Օրեգոնի առողջության եւ գիտությունների համալսարանից:  Գիտնականները ուսումնասիրել են 6-ից 11 տարեկան 722 աուտիստ երեխայի վերաբերյալ տեղեկությունները:  Ծնողները երեխաների պահվածքի վերաբերյալ բողոքներով բժշկին են դիմել այն ժամանակ, երբ նրանց երեխաները մոտ 2 տարեկան են եղել: Վերջնական ախտորոշումը տրվել է մոտ  4 տարեկանում:

Պարզվել է, որ եթե բժիշկները մինչեւ 4 տարեկանը երեխայի մոտ աուտիստիկ սպեկտրի հիվանդություններ են հայտնաբերել, ամենից հաճախ պահվածքային թերապիա են նշանակել: Իսկ եթե հիվանդությունը հայտնաբերվել է   4 տարեկանից հետո, հավանականությունը, որ ծնողները կդիմեն այլընտրանքային բուժման, գրեթե կրկնակի աճել է:   

Կատարինա Ցուկերմանը եւ նրա գործընկերները եզրակացրել են, որ որքան շուտ երեխայի մոտ ախտորոշեն հիվանդությունը եւ սկսեն թերապիան,  այնքան ավելի լավը կլինեն արդյունքները: Այժմ ԱՄՆ-ում   պաշտոնական հրահանգներ են գործում, որոնց համաձայն, անհրաժեշտ է ստուգել 18-ից 24 ամսական բոլոր երեխաներին, բայց բժիշկների միայն կեսն է հետեւում այդ կանոններին: Երկրում ախտորոշում տալու միջին տարիքը    4 տարեկանն է: