Հայաստանում գիտական լուրջ հետազոտություններ չեն անցկացվում սննդի, մասնավորապես` երեխաների սննդի որակի վերաբերյալ:  Բժիշկները ելնում են նրանից, որ Հայաստանում ավանդական սնունդը բավականին առողջ է, տեղական սննդամթերքները բավականին որակյալ են, բայց համընդհանուր միտումները Հայաստանը չեն շրջանցում, եւ դա մանկաբույժների անհանգստությունն է առաջացնում:  

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժության բաժանմունքի ղեկավար Անուշ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել է, որ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ լիովին հասկանալի պատճառներով մարդիկ այսօր գնալով ավելի քիչ են պատրաստում տանը եւ գնալով ավելի շատ են նախապատվությունը տալիս պատրաստի ֆասթֆուդին, պահածոյացված եւ վերամշակված մթերքներին, եւ դրանից հիմնականում երեխաներն են տուժում: 

Մանկաբույժը նշել է, որ մասնագետների մոտ առավել մեծ մտահոգություն են առաջացնում ներմուծված ԳՄՈ մթերքները, կիսաֆաբրիկատները, սառեցված եւ վերամշակված միսը, վակուումային փաթեթավորմամբ չիփսերը:  «Միջին եւ պատանեկան տարիքի երեխաները շատ են օգտագործում այդ մթերքները: Երեխաներ կան, որոնք միայն դրանով են սնվում` չիփսերով, այսպես կոչված ֆասթֆուդով», - ասել է նա:

Բժշկի կարծիքով, լուրջ հետազոտություններ են անհրաժեշտ` ի հայտ բերելու օրգանիզմի վրա նման սննդի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ազդեցությունը:  Ինչպես նաեւ լուրջ աշխատանք է անհրաժեշտ առողջ սննդի քարոզչության գործում: