Երեխաների համար հատկապես վտանգավոր կարող են լինել պլաստմասսայե խաղալիքները, որոնք պատրաստված են անորակ թունավոր նյութերից: Այդ մասին օգոստոսի  8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժության բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանը:  

Նրա խոսքով, եթե խաղալիքների արտադրության ժամանակ օգտագործվել են պոլիվինիլքլորիդներ եւ ամեն տեսակ պոլիմերային կայունացուցիչներ եւ գունավորիչներ, դրանք կարող են վտանգավոր լինել:  Եթե պլաստմասսայե խաղալիքը հոտ է արձակում, դա նշանակում է, որ դրանում պարունակվող քիմիական միացությունները մշտապես բաց են թողնվում շրջակա միջավայր: 

Մասնագետի խոսքով, վտանգ են պարունակում նաեւ փափուկ խաղալիքները, որոնք պատրաստված են սինթետիկ մանրաթելերից: Եթե խաղալիքներն անորակ են, դրանք անընդհատ  մազ են թողնում, եւ այդ մազերը շատ վտանգավոր են երեխաների մարսողական եւ շնչառական համակարգ ընկնելու դեպքում: 

Փոքր երեխաների համար խաղալիք գնելիս, նշել է Անուշ Հակոբյանը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ, որ դրանք մանր կտորներ, մարտկոցներ չպարունակեն, որը երեխան կարող է կուլ տալ: Սովորաբար խաղալիքների փաթեթավորման վրա նշված է լինում, թե ինչ տարիքի երեխաների համար են նախատեսված,  դրա վրա եւս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, խորհուրդ է  տալիս բժիշկը: 

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Կարեն Չիլինգարյանը նշել է, որ Հայաստանում խաղալիքի շուկան վատ է վերահսկվում: Շատ լավ օրենքներ են ընդունված, բայց դրանք գործնականում չեն կիրառվում:  

Անորակ մանկական խաղալիքների պարունակած ռիսկերի մասին խոսվում է արդեն շատ տարիներ, բայց հարցն այդպես էլ չկարգավորված է մնում:  Հայաստան մեծ քանակությամբ էժան խաղալիքներ են բերում Չինաստանից կամ Թուրքիայից, որոնց որակը անհրաժեշտ եղանակով չի ստուգվում, չնայած ապրանքի այդ տեսակի ներմուծումը ենթակա է արտոնագրման:   Նրա խոսքով, եթե այժմ անցնեք տոնավաճառով, կտեսնեք, որ խաղալիքի առեւտրականների մեծ մասը  արտոնագիր չունի, բայց ապրանքը վաճառվում է:  Եվ նույնիսկ եթե կա արտոնագիր, ոչ մի երաշխիք չկա, որ այդ խաղալիքների որակն իրականում ստուգվել է, իսկ արտոնագիրն ուղղակի չի գնվել:  

Իրավապաշտպանը նշել է, որ նման խաղալիքները կարող են պատրաստված լինել թունավոր նյութերից,  ծածկված լինել թունավոր ներկերով եւ վտանգ ներկայացնել երեխաների համար: 

Հոգեբան Իրինա Ծատուրյանը հավելում է, որ Հայաստանում ծնողները շատ լավ էլ տեղեկացված են ռիսկերի մասին, որ պարունակում են էժան խաղալիքները, բայց նրանք փող չունեն եվրոպական արտադրության թանկարժեք խաղալիքներ գնելու, այդ պատճառով նրանք ուղղակի ընտրություն չունեն: Եվ անկասկած, այդ հարցում, սպառողների գիտակցությունից բացի, կարեւոր է պետության վերահսկողության գործառույթը, ընդգծել է Կարեն Չիլինգարյանը: