Երեխաների հանգիստը, նրանց խաղերն այսօր զգալիորեն տարբերվում են նրանից, ինչ կար   20 եւ նույնիսկ 10 տարի առաջ: Համակարգիչը, սմարթֆոնները, ինտերնետը, բազմաթիվ հնարավորությունների հետ իրենց մեջ նաեւ երեխաների համար որոշ ռիսկեր են պարունակում, այդ պատճառով ծնողները պետք է խստորեն կանոնակարգեն այն ժամանակը, որը երեխաները ծախսում են սարքերի վրա, կարծում է հոգեբան Իրինա Ծատուրյանը: 

Նրա խոսքով, այսօր երեխաները գործնականում բակ չեն իջնում, չեն խաղում այն շարժական, խմբային խաղերը, որոնք զարգացնում են ֆիզիկական եւ մտածողական կարողությունները:  «Այսօր երեխան հիմնականում տանն է լինում, քիչ շարժուն կենսակերպ է վարում:  Եվ ինչո՞վ է հիմնականում զբաղվում: Նա թափառում է ինտերնետում», -ասել է հոգեբանը` հավելելով, որ ինտերնետը մութ անտառի նման է, այն   շատ հնարավորություններ է  պարունակում, բայց միաժամանակ բացասական ուժեղ ազդեցություն է թողնում: 

Մասնագետի խոսքով, եթե երեխան համակարգչի առաջ օրական  1 ժամ է անցկացնում, այսինքն` շաբաթը 7 ժամ, դա նորմալ է: Եթե երեխան համակարգչի առաջ շաբաթը  15 ժամ է անցկացնում, դա արդեն անհանգստության առիթ է եւ պետք է երեխային ստիպել վեր կենալ եւ  շարժվել:  Եթե համակարգչի առաջ անցկացված ժամանակը գերազանցում է շաբաթը   22 ժամը, այսինքն` օրական  3 ժամը, երեխայի մոտ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ` ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեկան եւ պետք է մասնագետի դիմել: 

«Ինտերնետը հնարավոր է համեմատել ատոմային էներգիայի հետ, որը կարող է կիրառվել ի բարօրություն կամ` ի վնաս: Եվ չի կարելի մոռանալ, որ մարդը սովորում է իր գործողությունների ընթացքում, իր սխալների վրա, ինտերնետից վերցված կամ հեռուստացույցից քաղցած ուրիշի փորձը մարդուն ոչինչ չի տալիս», - ասել է նա:

Մասնագետի խոսքով, ոչ պակաս կարեւոր խնդիր է նաեւ վիրտուալ շփումը: Անչափահասներին գրավում է այն, որ իրենք անտեսանելի են դառնում, շփմանը մասնակցում են ուրիշի անուններով, իրենց որպես լիովին այլ մարդ են ցուցադրում: Միաժամանակ  անչափահասն ապրում է հորինված, ոչ թե իրական աշխարհում եւ հետագայում դա կարող է հանգեցնել նրան, որ նա չի կարողանա ինքնաիրացվել իրական կյանքում` ոչ պրոֆեսիոնալ, ոչ էլ անձնական պլանում:  

Խոսելով համակարգչային խաղերի մասին` մասնագետը նշել է, որ դրանց մեջ շատ լավ, զարգացնող խաղեր կան, բայց կան նաեւ այնպիսիք, որոնցում աջ ու ձախ կրակում են եւ մարդ են սպանում: Նրա խոսքով, ծնողնեը պիտի հետեւեն, թե ինչ են խաղում իրենց երեխաները: