Ծնկոսկր-ազդրային  հոդերի  ռենտգեն հետազոտությունը բավական բարդ է. հոդային ճեղքը, հոդամակերեսները եւ դրանց անատոմիական կառուցվածքը տեսնելու համար անհրաժեշտ է, որ ռենտգեն ճառագայթներն անցնեն 30,45 , 60 կամ 90 աստիճան անկյամբ: Բնականաբար,  ծնկահոդի ստանդարտ  ռենտգեն հետազոտությամբ բավական բարդ է անհրաժեշտ անկյունն ապահովել:

Այս խնդիրը լուծելու եւ ծնկոսկր-ազդրային  հոդերի  ռենտգենն ավելի արդյունավետ դարձնելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները մշակել են հատուկ տակդիրներ, որոնց շնորհիվ հիվանդի ծունկը ֆիքսվում է անհրաժեշտ՝ 30,45 ,60 կամ 90 աստիճան անկյամբ:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Մինասյանն ասել է, որ այդ տակդիրները,բժշկական կենտրոնի պատվերով  եւ նրա մասնագետների մշակած մոդելների համաձայն պատրաստել են  հայ վարպետները: Այն պատրաստված է հատուկ ռենտգեն-նեգատիվ  նյութից, որպեսզի չերեւակվի ռենտգեն նկարում եւ այն չփչացնի:

Մասնագետի պարզաբանմամբ՝ տակդիրը դրվում է ծնկափոսային գոտում՝ ապահովելով անհրաժեշտ անկյունը. հոդը բացվում է եւ դրա շնորհիվ նկարի վրա հնարավոր է տեսնել Ծնկոսկր-ազդրային  հոդերի  բոլոր  պաթոլոգիկ վիճակները՝ վնասվածքները, օստեոարթրոզ և արթրիտները, հոդաճեղքի փոփոխությունները, հոդում օտար մարմինների կամ նորագոյացությունների առկայությունը: Առանց տակդիրի ծնկոսկր-ազդրային  հոդերի  այս խնդիրները շատ բարդ, երբեմն անհնար է ախտորոշել: Իսկ տակդիրը հնարավորություն է տալիս ծնկահոդերը հետազոտել երեք պրոյեկցիայով:

«Էրեբունի» ԲԿ մասնագետներն առայժմ իրենց ստեղծագործությունը պարզապես անվանում են « ծնկոսկր-ազդրային  հոդերի  հետազոտության տակդիր»: Ով գիտե, գուցե մոտ ապագայում տակդիրն այլ՝ ավելի հետաքրքիր անվանում ստանա: