Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոս Կալդերոնը նոր օրենք է ստորագրել օրգանների դոնորության վերաբերյալ, որի համաձայն, Կոլումբիայի յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանցից, ովքեր կենդանության օրոք հրաժարվել են դրանից, օրգանների դոնոր է ճանաչվում: 

Կոլումբիայի կոնգրեսն ապրիլին օրինագիծ է ընդունել, որը սահմանում է, որ երկրի բոլոր քաղաքացիները մահից հետո օրգանների դոնորներ են դառնում: 

Նախաձեռնությունն ուղղված է այն բանին, որ վերացվի օրգանների օգտագործումը ազգականների հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը եւ արագացվի ու պարզեցվի օրգանների դոնորության եւ դրանք այն մարդկանց փոխպատվաստելու գործընթացը, ում կյանքը դա կարող է փրկել: Օրինագծի հեղինակ Ռոդրիգո Լարայի խոսքով, ակնկալվում է, որ նորամուծությունը թույլ կտա դոնորության ծավալները մեծացնել  40 տոկոսով եւ նույնքանով էլ` փրկված կյանքերի քանակը: 

Վիճակագրության համաձայն, Կոլումբիայում յուրաքանչյուր դոնորին սպասման ցուցակում 22 մարդ է բաժին ընկնում: 2014 թվականին մեկ միլիոն մարդուն բաժին ընկնող դոնորների թիվը 7,2 էր կազմում: