Իսրայելից եւ ԱՄՆ-ից գիտնականների միջազգային խումբը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս ազդակային էլեկտրական դաշտի օգնությամբ կանխարգելել գերաճային սպիների տարածումը: Այդ մասին հայտնում է Journal of Investigative Dermatology-ն:
pIRE տեխնիկան (անգլերեն` partial irreversible electroporation. «մասնակի անշրջելի էլեկտրոպորացիա») ոչ ինվազիվ է եւ հիմնված է սպիի միկրովայրկյանային բարձրվոլտային ոչջերմային էլեկտրական ազդակների միջոցով վերամշակման վրա: Մեխանիզմը թույլ է տալիս վերահսկել կոլագենի` միացնող հյուսվածքի բաղադրիչ հանդիսացող ֆիբրիլյար սպիտակուցի բջիջների տարածումը: pIRE-ն ոչնչացնում է կոլագենային բջիջները, միաժամանակ չի հանգեցնում նոր վերքի առաջացման եւ չի խանգարում առաջնային վնասվածքի բնական առողջացմանը:
Փորձարկման ընթացքում հեղինակները կես տարում pIRE-ի օգնությամբ մկների վրա թերապիայի հինգ սեանս են իրականացրել: Արդյունքները վերլուծվել են հատուկ այդ հետազոտության համար մշակված պատկերների վերամշակման օգնությամբ: Թեստերը ցույց են տվել, որ pIRE-ը միջինը 57,9 տոկոսով կրճատել է սպիների մակերեսը չմշակված վերքերի համեմատ: Մոտ ժամանակներս բժիշկները մտադիր են մեթոդիկայի կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա, նրանք ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են փնտրում:
Գերաճային սպին սպիի տեսակ է, որն ի հայտ է գալիս միացնող հյուսվածքի չափից շատ արտադրության հետեւանքով: Կոլագենի չափազանց մեծ արտադրությունն այս դեպքում տեղի է ունենում կոլագենազայի մակարդակի նվազման ֆոնին` ֆերմենտի, որը ոչնչացնում է կոլագենը: Նշվում է, որ նման սպիների առաջացման առավել հաճախակի պատճառ են դառնում այրվածքները, մինչդեռ, ԱՀԿ-ի տվյալների համաձայն, վնասվածքից ամեն տասներորդ մահը հրդեհի հետեւանք է: Սպիների բուժման հայտնի մեթոդները` վիրահատական միջամտություն, լազերային թերապիա եւ այլն բավականաչափ արդյունավետ չեն:






