Երեխայի հետ շփումը պետք է կառուցվի համագործակցության եւ նրա անձի նկատմամբ հարգանքի հիման վրա: Այդ մասին հայտնել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը օգոստոսի 11-ին մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ծնողները հաճախ երեխայի հետ շփվում են արգելքների միջոցով. չի կարելի, մի արա, ձեռք մի տուր: Նրանք չեն խոսում հետը, չեն բացատրում, թե ինչ կարող է լինել, եթե նա այս կամ այն կերպ վարվի, գլխավորը` այլընտրանք չեն առաջարկում այն բանին, ինչ նա այժմ անում է», - նշում է  բժիշկը:

Նրա  խոսքով, չափահասները իրենց արդարացնում են «համբերության բացակայությամբ», ինչն անընդունելի է երեխայի հետ հարաբերություններում:

«Եթե սեփական երեխայի համար համբերությունը չի հերիքում, ուրիշ ի՞նչ դեպքում է այդ համբերությունն արդարացված: Պետք է  երեխային օգնել, որ մեծանա: Դրա համար անհրաժեշտ է նրան սովորեցնել մտածել, տարբեր լուծումներ փնտրել եւ ընտրել ամենաօպտիմալը: Պետք է հենց առաջին օրվանից նրա հետ վարվել որպես անհատի, լսել նրան, հաշվի առնել կարծիքը», - հավելել է նա:

Երեխաների հետ շփման ընթացքում բռնությունն անթույլատրելի է ցանկացած իրավիճակում, ընդգծում է հոգեբանը, նույնիսկ եթե «խոսքով չի հասկանում»:

«Նախ` այդպես չի լինում: Ուրեմն սխալ բառեր են ընտրվում: Երկրորդ, որքանո՞վ ճիշտ է երկխոսության կորստի դեպքում նաեւ ցավ պատճառել երեխային` օգտագործելով ֆիզիկական գերազանցությունը» - ուշադրություն է հրավիրում Մադաթյանը:

Նրա խոսքով, բռնության կիրառությունն այն արդյունքը չի տալիս, որ ծնողները սխալմամբ ակնկալում են: Երեխան ընդամենը սովորում է այն մեխանիզմին, որ ցանկացած արարքի համար «իրեն մի քիչ կծեծեն եւ վերջ»: Նա ոչ մի եզրահանգում չի անում: 

«Բացի այդ, յուրաքանչյուր ծնող պետք է հիշի, որ այն պահին, երբ ինքը ձեռք է բարձրացնում երեխայի վրա, չի սիրում նրան: Ինչ–որ իմաստով նույնիսկ ատում է, եւ երեխան դա զգում է: Նման պահերին ծնողը պետք է կարողանա ինքն իրեն շեղել», - ասում է Մադաթյանը:

Իսկ եթե ծնողն այնուամենայնիվ խփել է երեխային, հավելել է հոգեբանը, պետք է ներողություն խնդրել` ստանձնելով ամբողջ պատասխանատվությունը: 

«Մեզ մոտ ընդունված է ներողություն խնդրել. «ես քեզ խփեցի, որովհետեւ դու քեզ վատ էիր պահում» ոճում, դրանով սեփական արարքի համար պատասխանատվության մի մասը դնելով երեխայի վրա: Բայց նա մեղավոր չէ: Դա ամբողջությամբ ծնողների սխալն է, որը ոչ մի կապ չունի երեխայի պահվածքի հետ: Ներողություն խնդրելով` ծնողները  երեխային նաեւ ցույց են տալիս, թե իրեն ինչպես պահի, երբ ինքը սխալ լինի ուրիշ մարդկանց հանդեպ: Դաստիարակության մեջ գլխավորը սեփական օրինակն է», - ամփոփել է բժիշկը: