ՌԴ Իրկուտսկի մարզում՝ Չերեմխովոյի հոգենյարդաբանական ինտերնատում, դիզենտերիայից մահացել է 5-8 տարեկան 3 սան։ ՌԴ ՔԿ մարզային վարչությունից հայտնել են, որ ինֆեկցիայի վերջին զոհը աղջիկ է եղել։
Հաղորդվում է, որ եւս 15 սան մնում են քաղաքային հիվանդանոցում։ Այս պահին Չերեմխովոյում է գտնվում բժիշկների թիմը մարզի առողջապահության նախարար Օլեգ Յարոշենկոյի հետ, փոխանցում է «Իտերֆաքս»–ը։
«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ հոգենյարդաբանական ինտերնատի ավելի քան 10 աշխատակից դադարեցրել են իրենց աշխատանքն այն բանից հետո, երբ նրանց մոտ աղիքային ինֆեկացիա է հայտնաբերվել։ Ինտերնատում կարանտինը երկարաձգվել է։
Ինտերնատում աղիքային ինֆեկցիան բռնկվել էր հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին։ Հիվանդացել է 29 մարդ։ ՔԿ տեղեկություններով՝ 8-ամյա աղջկա մահը վրա է հասել ինֆեկցիոն–տոքսիկական շոկի հետեւանքով։ Մնացած երեխաների մահվան պատճառները կպարզվեն դատաբժշկական փորձաքննության արդյունքում։
Հարուցվել է 4 քրեական գործ։






