Զիկա վիրուսը կարող է տղամարդու սերմնահեղուկում մնալ վարակումից կես տարի անց: Այդ մասին հայտնել են Հռոմի Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները: Նրանք նման բացահայտում են արել մի հիվանդի դիտարկման շնորհիվ: 30-ամյա տղամարդը, որը Հաիթի էր մեկնել ընթացիկ տարվա սկզբին, բողոքել է, որ իր մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 39 աստիճան ըստ Ցելսիուսի: Նրա մոտ սկսել են ախտանիշներ հայտնվել տենդի, հոգնածության եւ մաշկային ցանի տեսքով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ախտանիշների ի հայտ գալուց հետո Զիկա վիրուսը մեզում, թքի մեջ եւ սերմնահեղուկում առկա է եղել 91 օր: Եվս 43 օր անց վիրուսը հայտնաբերվել է սերմնահեղուկում եւ այնտեղ մնացել է եւս մեկ ու կես ամիս:
Ավելի վաղ Զիկա վիրուսի` մարդու օրգանիզմում գտնվելու ամենաերկար ժամանակահատվածը 93 օր էր տեւել: Վիրուսը 27-ամյա ֆրանսիացու մարմնում էր:
«Հետազոտության արդյունքները հաստատում են, որ վիրուսը կարող է պատճենվել տղամարդկային սեռական օրգաններում եւ ի վիճակի է մնալ սերմնահեղուկում», — հայտնել են իտալացի հետազոտողները:
Իտալացիների ստացած տվյալների համաձայն, կարելի է եզրակացնել, որ վիրուսի` սեռական եղանակով փոխանցման տեւողությունն անհամեմատ ավելի մեծ է, քան նախկինում համարվում էր: Բժիշկները վարակված հիվանդներին թախանձագին խորհուրդ են տալիս պահպանակ օգտագործել, իսկ ավելի լավ է` սեքսից հրաժարվել ախտանիշների ի հայտ գալուց առնվազն վեց ամսվա ընթացքում:
«Զիկա վիրուսի հետ կապված ամեն նոր դեպքը վկայում է, որ ապացուցված հետազոտությունները եւ հրահանգները պետք է եւս մեկ անգամ վերանայվեն», — հայտնել է Քրիստիան Լինդմայերը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:






