Սան Պաուլույում` Բրազիլիա, անդամալույծ մարդկանց ուզում են նորից քայլել սովորեցնել էկզոկմախքի օգնությամբ, որը կառավարվում է անմիջապես ուղեղի կողմից: Մի քանի հիվանդ էական առաջընթաց է արձանագրել` ամբողջական անդամալուծության վիճակից անցնելով մասնակի անդամալուծության: Նրանցից մեկը նույնիսկ կարողացել է ինքնուրույն քայլել ընդամենը երկու ձեռնափայտի եւ օրթեզի օգնությամբ: Walk Again նախագծով զբաղվում է Միգել Նիկոլելիսը Դյուկի համալսարանի Նեյրոինժեներիայի կենտրոնից (Duke University Centre for Neuroengineering), ԱՄՆ:
Մտքերով կառավարվող էկզոկմախքի փորձարկումներն անցկացվել են 8 հիվանդի մասնակցությամբ: Բոլոր հիվանդները ողնուղեղի ծանր վնասվածքներ ունեին, 8-ից 7-ի նյարդերն այնքան լրջորեն էին վնասվել, որ դրանց աշխատանքն անհնար էր դարձել: Ի սկզբանե գիտնականները ստուգում էին, թե կկարողանան արդյոք անդամալույծները քայլել նման էկզոկմախքի օգտագործմամբ, բայց աշխատանքի գործընթացում պարզվել է, որ հիվանդները, նույնիսկ` անհույսները, վերագտնում են զգայունությունը այն գոտիներում, որոնք վնասված հատվածից ներքեւ են ընկած եւ կարողանում են շարժել ոտքերը: Հավանականություն կա, կարծում են գիտական աշխատողները, որ վնասված նյարդերը սկսել են վերականգնվել, իսկ էկզոկմախքի կողմից մարզված ուղեղը սկսել է նոր կապեր ստեղծել:
Հիվանդներից մեկը փորձարկման սկզբում ի վիճակի չէր ուղղահայաց դիրքում գտնվել նույնիսկ ուրիշների աջակցությամբ, իսկ սարքի օգտագործումից 10 ամիս անց նա ինքը կարողանում էր տեղաշարժվել շարժահենակների օգնությամբ եւ թերապեւտի օգնությամբ: Եվս մի հիվանդ, որը եւս անդամալուծությամբ է տառապել, կարողացել է ինքնուրույն քայլել երկու հենակի եւ օրթեզի օգտագործմամբ, իսկ բժշկի օգնության կարիք չի ունեցել: Բժիշկ Միգել Նիկոլելիսը հայտնել է, որ յոթ հիվանդ նախկինում ամբողջությամբ անդամալույծ է եղել, սակայն այժմ նրանք անցել են մասնակիորեն անդամալույծների կարգ, եւ վերականգնումը, ընդգծել է նա, դեռեւս ավարտված չէ:
Ինքը` աշխատանքը տեղի է ունեցել հետեւյալ եղանակով. հատուկ ինտերֆեյսն օգտագործելով` մասնագետները նախ կառավարում էին վիրտուալ մարդուն. Օրինակ, երբ նրանք մտածում էին առաջ շարժվելու մասին, վիրտուալ մոդելը շարժվում էր: Հետո այդ նույն ինտերֆեյսին ռոբոտ էր միացվել, իսկ վերջին փուլում` էկզոկմախք, որը հագցնում էին անմիջապես հիվանդներին: Ակնկալվում էր, որ դրանով ամեն ինչ կավարտվի, բայց փորձարկումն արդյունքում ցույց տվեց, որ դա ընդամենը սկիզբն է:
Բացի շարժվելու եւ զգալու հնարավորության վերականգնումից, հիվանդների մոտ դիտարկվում էին նաեւ այլ բարելավումներ: Փորձարկման մասնակիցներն արտաթորող գործառույթներն ինքնուրույն վերահսկելու հնարավորություն են ստացել, բացի այդ, սկսել է ավելի լավ աշխատել նրանց հենց սրտանոթային համակարգը: Միգել Նիկոլելիսն ասում է, որ եթե ավելի վաղ հաշմանդամների վերականգնումը հիմնականում ուղղված էր անվասայլակում նրանց ադապտացիային, այժմ ամբողջ աշխարհի անդամալույծները նոր հույս են ձեռք բերել:





