Ավելի ու ավելի մեծ թվով ծնողներ են բավական մեծ գումարներ ծախսում մասնագիտացված օրթոպեդիկ բարձեր գնելու համար՝ կանխարգելելու նորածինների հարթագլխությունը: Արտադրողները պնդում են, որ այդ բարձերի միջոցով ծնողները կարող են փոքրիկներին պաշտպանել «հարթագլխության համախտանիշից»: Սակայն փորձագետները պնդում են, որ այն անվտանգ չէ, պարտադիր չէ, նաեւ ստուգված չէ: Այդպիսի բարձերի օգտագործումը կարող է սպառնալ երեխայի կյանքին:
Առաջին վեց ամիսներին փոքրիկներն ընդհանրապես բարձ չպետք է օգտագործեն եւ քնեն մեջքի վրա: Այդ տարիքի երեխաները նաեւ վերմակի կամ խաղալիքների անհրաժեշտություն չունեն: Քնի այդպիսի պայմաններն էականորեն կրճատում են մանկական հանկարծակի մահվան վտանգը, քանի որ նրան զերծ են պահում խեղդվելու կամ գերտաքանալու սպառնալիքից:
Մինչդեռ երեխաների մոտ 20 տոկոսի մոտ հարթագլխություն է առաջանում, քանի որ նրանց գանգը դեռ լրիվ չի ամրացել: Հենց դա էլ ծնողներին վախեցնում է, որոնք գումար են ծախսում օրթոպեդիկ բարձեր գնելու համար: Հայրիկներն ու մայրիկները չեն հասկանում, որ հարթագլխությունը ժամանակի ընթացքում անհետանում է, իսկ բարձերի արտադրողները պարզապես փող են աշխատում նրանց վախերի հաշվին:
Սիդնեյի George Institute for Global Health-ի փորձագետները նախազգուշացնում են, որ ծնողներն իրենց երեխաներին վտանգի են ենթարկում, երբ անտեսում են երեխայի քունը կազմակերպելու մասին բժիշկների խորհուրդները: Պրոֆեսոր Ալեքսանդրա Մարտինյուկը հետազոտություն է անցկացրել 100 ծնողի մասնակցությամբ, որը ցույց է տվել, որ երիտասարդ հայրիկներն ու մայրիկները պատրաստ են ամեն ինչի՝ խուսափելու համար «հարթագլխության» համախտանիշից:






