Դպրոցական տարիքի երեխաների պարտադիր պատվաստումների մասին Քալիֆորնիայի նահանգապետի կողմից անցյալ տարի ստորագրված օրենքն ուժի մեջ է մտել 2016-ի հուլիսի 1-ից։ Սակայն ոչ բոլոր ծնողներն են այդ նորամուծությունը լուրջ ընդունել, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Այս շաբաթ հարյուրավոր դպրոցականների թույլ չեն տվել դասի գնալ պատվաստումների տեղեկանքի բացակայության պատճառով։

Այսպես՝ Ֆոլսոմում եւ Կորդովայում ավելի քան 3000 աշակերտից 145–ին տուն են ուղարկել, քանի որ նրանք դպրոց էին եկել առանց պատվաստման մասին տեղեկանքի։ Էլք Գրովում 32 դպրոցների 133 աշակերտ չի կարողացել դասի հաճախել։

Հաղորդվում է, որ բժշկական ապահովագրություն չունեցողների եւ այն անձանց համար, որոնց ապահովագրությունը չի փակում պատվաստման ծախսերը, դրանք արվում են անվճար։

Շրջանի առողջապահության ծառայության տարածած տեղեկությունների համաձայն՝ 4-6 տարեկան երեխաների համար պահանջվում է դիֆտերիայի, փայտացման եւ  կապույտ հազի դեմ պատվաստանյութի 5 չափաբաժին, հեպատիտ Բ–ի դեմ պատվաստման 2 չափաբաժին, 2-ական չափաբաժին խոզուկի, կարմրուկի, կարմրախտի եւ մեկ չափաբաժին ջրծաղիկի դեմ։

7-17 տարեկան դպրոցականներին անհրաժեշտ է ստանալ դիֆտերիայի, փայտացման, կապույտ հազի եւ պոլիոմիելիտի դեմ պատվաստման 4 չափաբաժին, 1 չափաբաժին կարմրուկի, խոզուկի եւ կարմրախտի դեմ եւ 1-2 չափաբաժին պատվաստանյութ ջրծաղիկի դեմ։

Ավելի վաղ պարտադիր պատվաստման մասին օրենքը քննադատության էր արժանացել պահպանողական քաղաքացիների կողմից, որոնք ցույցերի էին դուրս եկել։ Սան Դիեգոյում պարտադիր պատվաստման ընդդիմադիրները դատական հայցեր էին պատրաստել։

Քալիֆորնիան դարձել է 3-րդ նահանգը, որտեղ ծնողները չեն կարող հրաժարվել պատվաստումներից՝ կրոնական կամ այլ անձնական սկզբունքներից ելնելով։ Նման սահմանափակումներ կան նաեւ Միսիսիպիում եւ Արեւմտյան Վիրջինիայում։