Քաղցկեղային հիվանդությունների ճապոնական կենտրոնի մասնագետները վեց գեն են հայտնաբերել, որոնցում փոփոխությունները մեծացնում են թոքերի չարորակ ուռուցքի առաջացման ռիսկը: 

Անցկացված հետազոտություններին քաղցկեղի տարբեր փուլերում գտնվող ավելի քան 18 հազար հիվանդ եւ առողջ մարդ է մասնակցել: Արդյունքում գիտնականները պարզել են, որ օրգանիզմում վարակի հայտնվելու դեպքում իմունային հակազդեցության համար պատասխանատու վեց գենում նույնիսկ փոքրիկ տարբերություններն արագացնում են թոքերի բջջային ուռուցքի առաջացումը, որն առաջանում է այսպես կոչված աճի էպիդերմալ գործոնի ռեցեպտորների կողմից: Քաղցկեղի նման տեսակը բնորոշ է չծխող տղամարդկանց եւ կանանց: 

Վեց գեներից նույնիսկ մեկում մուտացիան քաղցկեղային հիվանդության ռիսկը մեծացնում է միջինը   20 տոկոսով, իսկ որոշ դեպքերում այդ ցուցանիշը կարող է նաեւ 40 տոկոսի հասնել:

Ճապոնացի մասնագետների կարծիքով, իրենց բացահայտումը կօգնի ավելի արդյունավետորեն պարզել մարդկանց խմբերը, որոնք ենթակա են քաղցկեղի եւ նրանց բուժական հաստատություններում հաշվառման կանգնեցնել: Դա իր հերթին կհանգեցնի հիվանդության վաղ փուլերում ավելի արագ ախտորոշման եւ համապատասխանաբար, առողջացման շանսերի ավելացման, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Քաղցկեղային հիվանդությունների ճապոնական կենտրոնի տվյալներով, այս տարի Ճապոնիայում քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդների թիվն առաջին անգամ կգերազանցի 1 մլն մարդը: Ճապոնացիների շրջանում այդ հիվանդության ամենատարածված տեսակը դարձել է հաստ աղիքի քաղցկեղը. այս տարի այն ախտորոշել են 147 200 տեղացի բնակչի մոտ: Ցուցակում հաջորդը ստամոքսի քաղցկեղն է (133 900) եւ թոքերի քաղցկեղը  (133 800):

Դարձյալ ըստ կանխատեսումների, այս տարի Ճապոնիայում քաղցկեղային հիվանդություններից ընդհանուր առմամբ կմահանա 374 հազար մարդ, նրանց ավելի քան  25 տոկոսը` թոքերի քաղցկեղից: