Վաղուց հայտնի է, որ ճարպակալումն ուռուցքային շատ հիվանդությունների զարգացման հզոր գործոն է: Մյուս կողմից, ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ընդհանուր պոպուլյացիայի համեմատ ճարպակալման ռիսկը զգալիորեն բարձր է այն հիվանդների մոտ, որոնք քաղցկեղի որոշ ձեւեր են տարել: 

Հիվանդի անամնեզում որոշ ուռուցքային հիվանդությունների առկայությունը դրականորեն է հարաբերակցվում ճարպակալման զարգացման ռիսկի հետ. նման կապ են հայտնաբերել Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի աշխատակիցները (Columbia University in New York City):

Նրանք 17 տարի տեւած (1997-ից 2014 թվականը) հետազոտության արդյունքների անալիզ են իրականացրել, որին  ԱՄՆ-ի տարբեր տարիքի եւ ռասայաէթնիկական ծագմամբ 539 000 բնակիչ է մասնակցել: 

Այդ մեծ խմբում փորձարկվողների առողջական վիճակի մասին տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 1997-ին մասնակցածների այն ենթախմբում, որոնք ուռուցքային հիվանդություններով չեն հիվանդացել, ճարպակալմամբ տառապողների թիվը 21 տոկոս է կազմել, իսկ այն մասնակիցների շրջանում, որոնց նախկինում ուռուցքային ախտորոշում է արվել, այդ ցուցանիշը հավասար էր 22 տոկոսի:

Իսկ 2014 թվականին ճարպակալմամբ հիվանդացումը այդ երկու ենթախմբում կազմել է համապատասխանաբար  29 տոկոս եւ 32 տոկոս:

Նյու Յորքից գիտնականները նշում են, որ անամնեզում ուռուցքային ախտորոշմամբ մասնակիցների ենթախմբում ճարպակալումն առավել հաճախ հանդիպել է այն հիվանդների մոտ, որոնք հաստ եւ ուղիղ աղիքների քաղցկեղ են տարել, ինչպես նաեւ կաթնագեղձի քաղցկեղի դեպքում: 

Այն կանանց մոտ, որոնք ԿԳՔ են տարել, ճարպակալման զարգացման ռիսկի լրացուցիչ գործոններ են եղել երիտասարդ տարիքը, եվրոպեոիդ ռասային պատկանելիությունը եւ հետազոտությանը նախորդած 1 տարվա ընթացքում ախտորոշումը:

Հայտնաբերվել է նաեւ, որ տղամարդկանց ընդհանուր պոպուլյացիայի համեմատ ճարպակալման ռիսկը նկատելիորեն ավելի բարձր է եղել արական սեռի հիվանդների մոտ, որոնք շագանակագեղձի քաղցկեղ էին տարել: 

Այդ դեպքում ճարպակալման զարգացման լրացուցիչ գործոն էր եղել երիտասարդ տարիքը, եվրոպեոիդ ռասային պատկանելիությունը եւ հետազոտությանը նախորդած 2-9 տարվա ընթացքում ուռուցքաբանական ախտորոշում տալը: 

Այդ հետազոտության հեղինակների կարծիքով, ուռուցքային հիվանդները մարմնի զանգվածի կանոնավոր մոնիտորինգի կարիք ունեն եւ նրանց մոտ ճարպակալման ի հայտ բերման դեպքում պետք է հատուկ բուժական միջոցառումներ նշանակել, որոնք ուղղված են քաշի նվազմանը: