Յամալում սիբիրյան խոց հիվանդության բռնկման պատճառ է դարձել երկարատեւ ջերմաստիճանային անոմալիան, կարծում են Ռոսհիդրոմետի ներկայացուցիչները:
Յամալյան հինգ օդերեւութաբանական կայաններում տվյալ շրջանի համար արտակարգ բարձր ցուցանիշներ են գրանցվել, հունիսին տարբեր կետերում պլյուս 30-ից 34 աստիճան ջերմություն է եղել: Կլիմայական պատճառները մեծացրել են բազմամյա սառածության սեզոնային հալոցքի խորությունը: Հալվել է կենդանիների հին գերեզմանը, որում թաղված են սիբիրյան խոցից մահացած կենդանիներ: Նման իրավիճակում ակտիվանում են հիվանդության հարուցիչները:
Ներկայումս Ռոսհիդրոմետի ենթագերատեսչական հաստատությունները, որոնց գործունեության տարածքում գրանցվել են խոցի բռնկման դեպքերը, անցել են դիտարկումների առանձնահատուկ ռեժիմի, որպեսզի Յամալ թերակղզու իրավիճակը չկրկնվի այլ շրջաններում: Կլիմայագետները հայտնել են, որ գլոբալ տաքացումն ի վիճակի է հիվանդացման բազմաթիվ դեպքեր հրահրել` նույնիսկ այնպիսիք, որոնց մարդկությունը երբեք չի բախվել:
Այժմ Յամալա-Նենեցական ինքնավար մարզում համալիր աշխատանք է իրականացվում կարանտինի վերացման ուղղությամբ: Սիբիրյան խոցի դեմ պատվաստում է իրականացվում: Պատվաստվել է 4 429 մարդ, պատվաստված կենդանիների թիվը, օգոստոսի 15-ի դրությամբ 148 865 գլուխ է:
«Այսօրվա դրությամբ մեզ համար ամենաուրախալի իրադարձությունն այն է, որ մեր եղջերապահները լքել են ժամանակավոր տեղակայման կետերը եւ եղջերուների հետ դեպի Հյուսիս են գնացել: Մենք իրականացրել ենք բոլոր վերահսկիչ միջոցառումները. մշակել ենք եղջերվասահնակները, մշակել ենք վրանները: Մեր վերցրած նմուշները եւ մինչեւ վարակազերծումը, եւ վարակազերծումից հետո բացասական են: Հողերը եւս մաքուր են: Օդակաթիլային եղանակով վարակը չի փոխանցվում », – մեկնաբանել է ՅՆԻՄ-ի Ռոսպոտրեբնադզորի վարչության ղեկավար Լյուդմիլա Նեչեպուրենկոն:
Հիշեցնենք, Յամալում համաճարակը սկսվել է հունիս-հուլիսին եղջերուների զանգվածային մահացությամբ: Սիբիրյան խոցի հարուցիչ բակտերիան հայտնաբերվել է Յամալի 23 բնակչի մոտ, մի երեխա մահացել է: Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան նշել է. երեխաները վարակվել են ատամներով մեռած կենդանիների ջլերը ձգելու ժողովրդական սովորույթի հետեւանքով:






