ԱՄՆ դաշնային առեւտրի հանձնաժողովը (FTC) հետաքննություն է սկսել սննդային հավելումներ արտադրող Herbalife ընկերության գործունեության վերաբերյալ։
Բանն այն է, որ Pershing Square Capital Management ներդրումային հիմնադրամի կառավարիչ Ուիլյամ Էկմանը վաղուց արդեն պնդում է, որ ընկերությունը ֆինանսական բուրգի կառուցվածք է կիրառում իր բիզնեսի վարման համար։ Այս վարկածը կստուգեն ԱՄՆ իշխանությունները։
Ինչպես գրում է The Wall Street Journal թերթը, Herbalife-ի արժեթղթերի գինը բորսայում 17% անկում է ապրել այն բանից հետո, երբ ընկերությունը իր փաստաթղթերը հետաքննության վարման համար ներկայացնելու քաղաքացիական պահանջ է ստացել FTC-ից։
Herbalife-ն իր հերթին պնդում է, որ գործում է օրենքի սահմաններում։ Ընկերությունից հայտնել են նաեւ, որ քննությունը հնարավորություն կընձեռի մաքրել իրենց անունն ու համբավը։
Էկմանի կարծիքով, ընկերության աշխատակիցները ավելի շատ շահագրգռված են նոր աշխատակիցների ներգրավմամբ, այլ ոչ արտադրանքի վաճառքով։ Համաձայն 2013 թվականի դեկտեմբերի տվյալների Herbalife ընկերության ցանցում ներգրավված է 3,7 մլն մարդ ողջ աշխարհից։






