Շիզոֆրենիան մարդկային ուղեղի էվոլյուցիայի հետեւանք է, պարզել են Օսլոյի համալսարանի եւ Սան Դիեգոյում Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները: Նրանք այն եզրակացությանն են հանգել, որ հիվանդությունը սերնդեսերունդ փոխանցվել է մարդու զարգացման եւ նրա կողմից շրջապատող աշխարհի մասին գիտելիքներ ստանալու հետ միասին: Գիտնականները նաեւ ընդգծել են, որ հիվանդությունից ազատվելուն չի օգնել նույնիսկ բնական ընտրությունը: 

Միաժամանակ գիտնականները պնդում են, որ շիզոֆրենիան, որպես մարդու ակտիվ մտածողական գործունեության երկրորդական հետեւանք, կործանարար երեւույթ չէ: 

«Շիզոֆրենիան ձեռք է բերվել մարդկության կողմից եւ զարգացել է խոսելու եւ մտածելու կարողության հետ միասին», - ենթադրում են մասնագետները:

Հնագույն մարդկանց գենետիկ տվյալների եւ Երկրի` «շիզոֆրենիա» ախտորոշմամբ  ժամանակակից բնակիչների   հետազոտման արդյունքում գիտնականները պարզել են, որ նեանդերթալյան մարդկանց մոտ բացակայել են մտածողական բարդ հմտությունների եւ մտածելու կարողության հետ կապված գեները: Մասնավորապես, այդ նույն գեներն են հիվանդության աղբյուրը: ԴՆԹ-ի տվյալ հատվածները բացակայել են   հնագույն մարդկանց մոտ ընդհուպ մինչեւ էվոլյուցիոն ցատկի պահը:  

Հենց ուղեղի զարգացման բարձր փուլը, լեզու օգտագործելու եւ շրջապատող աշխարհը ճանաչելու կարողությունների հետ միասին, ազդել է շիզոֆրենիայի որպես կայուն հիվանդության առանձին տեսակի առաջացման վրա: Այդ պատճառով շիզոֆրենիկներին, ինչպես եւ աուտիստներին, որոնք ի վիճակի են քառանիշ թվեր բազմապատկել եւ մտքում քառակուսի արմատ հանել` միաժամանակ մտապահելով ընթերցված տեքստի մի քանի էջ, անհրաժեշտ է  վերաբերվել հարգանքով  եւ որպես արտասովոր անհատականությունների: 

Հոգեկանի խանգարումը նման մարդկանցից շատերին հնարավորություն է տալիս ստեղծագործել` ստեղծելով կտավներ, երաժշտական եւ գրական ստեղծագործություններ: Վերցնենք թեկուզ հայտնի նկարիչ Վինսենտ Վան Գոգի օրինակը, որը, ինչպես բոլորին հայտնի է, տառապում է բանականության խանգարմամբ: Իր կարճատեւ կյանքի ընթացքում  (նկարիչն ինքնասպան է եղել 37 տարեկան հասակում) նա ավելի քան 2100 աշխատանք է ստեղծել, որոնք արտաժամանակային ազդեցություն են ունեցել  XX դարի գեղանկարչության վրա:

Գիտնականները գործնականում վստահ են, որ շիզոֆրենիան ինքնատիպ փոխհատուցում է մարդկային ուղեղի հնարավորությունների համար, որոնք մեզ առավելություններ են տալիս կենդանի արարածների այլ տեսակների նկատմամբ: