Օրվա ժամանակն ազդում է մեր ընկալունակությանը վարակների հանդեպ: Այս եզրակացությանն են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները: Դրանով է բացատրվում, թե ինչու են հերթափոխով աշխատող մարդիկ հաճախ ունենում առողջական խնդիրներ: Երբ վարակը թափանցում է օրգանիզմ, այն «կոտրում է» մեր թաղանթները եւ օգտագործում է դրանց մեխանիզմները, որպեսզի բազմապատկվի եւ տարածվի մարմնով մեկ:
Սակայն նրա տիրապետած ռեսուրսները օրվա ընթացքում փոփոխվում են ` պայմանավորված մեր շրջափուլային ռիթմերով` բիոլոգիական գործընթացների օրական տատանումներով: Այդ շրջափուլերը վերահսկում են մի քանի գեներ, ի թիվս նրանց` Bmal1-ը եւ Clock-ը:
Գիտնականները հերպեսի բացիլով վարակել էին մկների եւ օրվա մեջ մի քանի անգամ զննության էին ենթարկել վարակի տարածումը: Կրծողները ապրում էին վերահսկելի միջավայրում եւ ընտելացված էին ցերեկվա եւ գիշերվա 12 ժամյա շրջափուլերին:
Գիտնականները բացահայտեցին, որ կենդանիների օրգանիզմում, որոնց վարակել էին օրվա սկզբում (այդ ժամանակ մկները սովորաբար քնած են), վարակը տարածվում է 10 անգամ արագ, քան նրանց մեջ, որոնց վարակել էին 10 ժամ անց` արթնության փուլում: Երբ գիտնականները կրկնեցին փորձարկումը այն կրծողների վրա, որոնց Bmal1 գենը ընկճված էր, պարզ դարձավ, որ վարակն ակտիվորեն տարածվում է` անկախ վարակվելու ժամանակից:
«Վարակվելու ժամանակը կարող է էականորեն ազդել նրա վրա, թե մենք որքանով ենք հակված հիվանդացությանը կամ ամեն դեպքում` վարակի տարածման վրա»,- ասում է հետազոտության գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Աքլիեշ Ռեդին: – Նշանակում է վարակակրությունն օրվա ոչ պատեհ ժամին կարող է արտահայտվել ավելի ծանր սրությամբ»:
Բացի այդ, հետազոտողները օրական նմանատիպ տատանումներ բացահայտեցին` փորձարկումներ կատարելով արհեստական բջիջների վրա, որոնց վրա չէր ազդում իմունային համակարգը: Բջիջների շրջափուլային ռիթմերի խախտումը մեծացրել էր հերպեսի եւ A տիպի գրիպի տարածման արագությունը: «Օրգանիզմի ամեն բջիջ ունի բիոլոգիական ժամեր,- բացատրում է Ռեյչել էդգարը` հետազոտական աշխատանքի հեղինակներից մեկը,- դրանց շնորհիվ նրանք հետեւում են ժամանակին եւ կանխազգում միջավայրի օրական փոփոխությունները: Մեր հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրելու, որ բջջային ժամերն են որոշում, թե որքան արագ է տարածվում վարակը: Երբ մենք խախտեցինք արհեեստական բջիջների բիոլոգիական ժամերը, լաբորատոր մկան օրգանիզմում, բացահայտեցինք, որ վարակվելու ժամանակն այլեւս նշանակություն չունի, եւ որ վարակի տարածման արագությունը բոլոր դեպքերում բարձր է:
Դա նշանակում է, որ հերթափոխով աշխատողները, որոնք երբեմն աշխատում են գիշերները, երբեմն էլ հանգստանում են, կլինեն ավելի խոցելի վարակների հանդեպ, քանի որ նրանց բիոլոգիական ժամերը խախտված են»: Bmal1 գենի ակտիվությունը փոփոխվում է ոչ միայն օրվա ընթացքում, այլեւ եղանակից եղանակ: Այն նվազում է ձմեռային ամիսներին եւ աճում է ամռանը: Հետազոտողները ենթադրում են, որ դրանով կարելի է բացատրել, թե ինչու են շատ հիվանդությունների վարակներ, այդ թվում` գրիպի, սկսվում ձմռանը: «Եթե մեր բիոլոգիական ժամերը կարեւոր դեր են խաղում` պաշտպանելու մեր օրգանիզմը ախտածին գեներից, դրանց մոլեկուլյար մեխանիզմները կարող են դառնալ նոր, բազմակողմանի դեղորայքային թիրախ, որը կօգնի պայքարել վարակների դեմ»,- ասում է Ռեդին:






