Կերակրափողի վիրաբուժությունը թորակոաբդոմինալ վիրաբուժության ամենից խրթին բաժիններից է: Խորանիստ տեղակայում, բարդ կառուցվածքային անատոմիական հարաբերակցություն ունեցող այս ոչ մեծ, բայց կարեւոր օրգանի բազմաբնույթ ախտահարումները հաճախ հանգեցնում են ծանր բարդությունների, երբեմն էլ` մահվան:

Կերակրափողի քաղցկեղը կազմում է կերակրափողի բոլոր հիվանդությունների 80-90%-ը: Մարսողական տրակտի նորագոյացությունների շարքում ստամոքսի եւ ուղիղ աղիքի քաղցկեղից հետո այն գրավում է 3-րդ հորիզոնականը, իսկ մեկ տարվա ընթացքում մահացության տոկոսով առաջին տեղում է:

Կերակրափողի քաղցկեղը սովորաբար իր մասին շուտ է զգացնել տալիս եւ, թվում է, թե վաղ է ախտորոշվում, սակայն ոչ միշտ է հնարավոր լինում արմատական բուժում իրականացնել: Հիվանդների մոտ 80%-ը ստացիոնար է ընդունվում հիվանդության III-IV փուլում: Վիճակագրական այսպիսի տվյալներն ահազանգում են կերակրափողի քաղցկեղի բուժման արդիականացման անհրաժեշտության մասին:

Չնայած ախտորոշման, վիրահատական բուժման մեթոդների եւ տեխնիկայի, անզգայացման եւ վերակենդանացման մեթոդների կատարելագործմանը, կերակրափողի վիրաբուժությունը դեռեւս մնում է ստամոքսաղիքային տրակտի վիրաբուժության ամենադժվար բաժիններից մեկը: Քննարկման նյութ են հանդիսանում մի շարք հիմնահարցեր: Մասնավորապես, կարեւորվում է բուժման մեթոդի ընտրությունը` վիրաբուժական, ճառագայթային կամ համակցված, ինչպես նաեւ բուժման տվյալ մեթոդի ենթակա հիվանդների ընտրությունը: Քննարկվում են նաեւ կերակրափողի վիրահատական բուժման ժամանակ համապատասխան մոտեցման ընտրությունը, կերակրափողի, ուռուցքով ախտահարված հարակից օրգանների, լիմֆատիկ համակարգի մասնահատման ծավալի չափը, կերակրափողի հեռացումից հետո նրա պլաստիկայի համար օգտագործվող հյուսվածքի եւ կերակրափողի բերանակցման տեսակի եւ տեղակայման ընտրությունը: Քննարկման առարկա են դառնում կերակրափողի քաղցկեղի տեղային տարածման եւ մետաստազավորման դեպքում բուժման ամոքիչ մեթոդների ընտրության նպատակահարմարությունը, ինչպես նաեւ կերակրափողի վիրահատական բուժումից հետո տեղային կրկնությունների եւ ուռուցքի զարգացման դեպքում բուժման տակտիկան:

2016 թվականի սկզբից ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային եւ կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքները միավորվել են եւ ստեղծվել է կրծքավանդակի եւ որովայնի ուռուցքաբանության (թորակո-աբդոմինալ) բաժանմունք, որն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. Գագիկ Համբարձումյանը եւս հաստատում է, որ կերակրափողի վիրաբուժությունը թորակոաբդոմինալ վիրաբուժության ամենաբարդ բաժիններից մեկն է: Ըստ նրա, կերակրափողի վիրաբուժության մեջ ոչ այդքան կարեւոր են տեխնիկական հագեցվածությունը եւ սարքավորումները (ինչպես, օրինակ` սրտային վիրաբուժության մեջ), որքան վիրահատական բուժման ճշգրիտ ցուցումները, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ճիշտ միջամտության ընտրությունը, հիվանդի լիարժեք նախավիրահատական նախապատրասումը, վիրաբույժի կատարյալ գիտելիքները եւ հմտությունը կրծքավանդակի եւ որովայնի օրգանների վիրաբուժության բնագավառում:

Գագիկ Համբարձումյանը ներկայացնում է, որ այս տարվա հունվարից առ այսօր ՈՒԱԿ որովայնային եւ կրծքավանդակի օրգանների ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է 6 վիրահատություն կերակրափողի քաղցկեղի, 1՝ ախալազիայի կապակցությամբ: Վիրահատությունների ժամանակ հեռացված կամ մասնահատված կերակրափողի վերականգնման նպատակով որպես տրանսպլանտատ օգտագործվող օրգանի ընտրությունը կատարում է` ելնելով ստամոքսի վիճակից, քանի որ այն հանդիսանում է ամենահարմար օրգանը նոր կերակրափողի ձեւավորման համար (ստամոքսային ցողուն): Իսկ այն դեպքերում, երբ ախտահարումն ընդգրկում է նաեւ ստամոքսը (կարդիոէզոֆագեալ քաղցկեղ) կերակրափողի մասնահատումից եւ ստամոքսի հեռացումից (գաստրէկտոմիա) հետո մարսողական տրակտի վերին հարկաբաժինը վերականգնում է` օգտագործելով հաստ աղին: Կարեւոր է, որ վիրահատությունները մեծամասամբ ավարտվում են բարվոք ելքով եւ հիվանդները վերադառնում են բնականոն կյանք:

Ստորև ներկայացված են բաժանմունքում կատարված կերակրափողի վերականգնման տեսակները

Կերակրափողի հեռացում՝ էքստիրպացիա կամ մասնահատում՝ ռեզեկցիա ստամոքսային ցողունի օգտագործմամբ` նրա միաժամանակյա վերականգնումով (Lewis-ի և Garlock-ի վիրահատություններ)։

Ստամոքսի պրոքսիմալ և կերակրափողի սուբտոտալ մասնահատումից հետո կերակրափողի միաժամանակյա հետին միջնորմային վերկանգնում՝ ստամոքսա-հաստաղիքային ցողունով (Lewis-ի վիրահատություն)։

Գաստրէկտոմիայից և կերակրափողի սուբտոտալ մասնահատումից հետո կերակրափողի միաժամանակյա հետին միջնորմային վերկանգնում՝ հաստաղիքային ցողունով (Garlock-ի վիրահատություն)։