Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոցի, Մոնրեալի համալսարանի և ՄակԳիլլի համալսարանի (McGill University) կանադացի գիտնականները  համատեղ գիտական աշխատանքի արդյունքում մշակել են նոր մեթոդ, որը կօգնի քիմիոթերապեւտիկ պրեպարատը հասցնել չարորակ ուռուցքի անհրաժեշտ հատված:

Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ այդ մեթոդը նախեւառաջ արդյունավետ է, եւ ապա չի առաջացնում կողմնակի լուրջ երևույթներ, քանի որ ներգործությունը կետավոր է: Նրանք այդ նպատակով օգտագործել են հատուկ մանրէ` Alphaproteobacteria ենթատեսակի MC-1 Magnetococcus marinus շտամը: Այդ մանրէն սովոր է ապրել ցածր խտությամբ թթվածնի պայմաններում:  Մանրէն, ունակ լինելով տեղաշարժվելու, պարունակում է հատուկ տարրեր` մագնետոսոմներ, որոնք զգայուն են մագնիսային ճառագայթման նկատմամբ:

Հետազաոտողները արհեստականորեն ստեղծված մագնիսային դաշտի միջոցով օգտագործել են այդ մանրէները որպես դեղորայքի փոխադրամիջոց, որը պրեպարատը հասցնում է ուռուցքի` թթվածնային քաղցի մատնված հատվածները, որոնք սովորաբար կայուն են քիմիոթերապիայի նկատմամբ: Աճի ընթացքում ուռուցքներին հաճախ հարկավոր է լինում թթվածնի մեծ քանակություն` ավելի շատ, քան նրանք կարող են ստանալ շրջակա միջավայրից: Այդ պատճառով չարորակ գոյացության ներսում ձևավորվում են թթվածնի ցածր պարունակությամբ գոտիներ, այսպես կոչված` հիպոկսիկ հատվածներ: Այդ հատվածները կարող են կայուն լինել դեղորայքի նկատմամբ, որը հասցվում է այլ մեթոդներով:

Magnetococcus marinus-ը մագնիսային դաշտի ազդեցությամբ, ուղղորդված դեպի ուռուցքը, անհրաժեշտ միջոցները հասցեավորված հասցնում է հաստ աղու կարցինոմայի հիպոկսիկ մասերը, որը պատվաստել էին լաբորատոր մկներին: Մանրէների նույնիսկ մեծ (100 մլն.-ից ավելի) խտությունը չի հարուցել բորբոքային ռեակցիաներ փորձարկվող կենդանիների օրգանիզմներում, եւ նաեւ չի հանգեցրել կողմնակի լուրջ երեւույթների:

Հետազոտության ղեկավար Սիլվեն Մարտելը մեկնաբանել է, որ մանրէները ընտրել են ամենակարճ ուղին ներմուծման տեղից մինչև հիպոկսի և մեռուկացած հատվածները, ուր անհրաժեշտ էր տեղափոխել պրեպարատը, և վերջնական արդյունքում թափանցել են ուռուցքի խորքերը: