ԱՄՆ Մայամի Բիչ հանգստավայրում գրանցվել են Զիկա տենդով վարակվելու դեպքեր: Այս մասին հայտնում է Miami Herald-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Օգոստոսի 18-ին Մայամիի շրջանում գրանցվել է վիրուսով վարակվելու եւս 3 դեպք:
Այսպիսով՝ նման դեպքերի ընդհանուր քանակն հասել է 557-ի, որոնց մեծ մասը արտասահմանում հանգստանալու մեկնած մարդկանց մոտ: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթի խոսքով՝ նահանգում ավելի վաղ գրանցվել էր մոծակներից տեղական վարակման 35 դեպք, որոնցից 25-ը վերաբերում էին Մայամի Բիչից նեղուցով առանձնացած փոքր շրջանին: Ակնկալվում է, որ իշխանությունները Մայամի Բիչում հնարավոր վարակման շրջանը կպարզեն օգոստոսի 19-ին:
Հանգստավայրը մեծ հռչակ է վայելում զբոսաշրջիկների մոտ: Մայամի Բիչի սիթի մենեջեր Ջիմմի Մորալեսը հայտնել է, որ քաղաքի իշխանությունները կապի մեջ են նահանգի ղեկավարության հետ եւ մշակում են Զիկա տենդը տարածող մոծակների դեմ պայքարի առավել արդյունավետ ռազմավարություն :
Հաղորդվում է, որ Ֆլորիդան ԱՄՆ միակ նահանգն է, որի տարածքում տարածված է այդ վիրուսը: Պաշտոնական տեղեկություններով՝ հիվանդությունը տարածում են Aedes aegypti մոծակները: Այդ միջատների ոչնչացման համար Ֆլորիդայում պեստիցիդներ եւ հատուկ թակարդներ են օգտագործում: Բացի այդ, իշխանությունները բնակիչներին մոծակներին վանող միջոցներ են բաժանում:
Մինչ օրս հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան շրջանում: Տվյալներ կան, որ վիրուսը փոխանցվում է ոչ միայն մոծակների խայթոցից, այլ նաեւ սեռական ճանապարհով:






