Ավելի քան 200 հիվանդ, որոնք կամավոր իրենց վրա կփորձարկեն Էբոլայի տենդի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը, հաշմանդամության կամ մահվան դեպքում մինչեւ երկու միլիոն ռուբլի կստանան, հայտնի է դառնում Ռուսաստանի պետպատվերների կայքից:
«Պայմանագրի գինը 395,96 հազար ռուբլի է: Ապահովագրվածի մահվան դեպքում ապահովագրական վճարի չափը 2 մլն ռուբլի է, առողջութան վատացման դեպքում, որն I խմբի հաշմանդամության պատճառ է դառնում` 1,5 մլն ռուբլի, II խմբի` 1 մլն ռուբլի, III խմբի` 500 հազար ռուբլի», — ասված է հրապարակված հայտում:
18-ից 60 տարեկան 60 կամավորի նկատմամբ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլն ընթացել է 2016-ի մայիսին եւ հաստատել է պատվաստանյութի արդյունավետությունը: Դեղամիջոցը մշակում է վիրուսոլոգիայի եւ կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնը: Որպես ապահովագրող ընկերություն, հանդես կգա «Ինգոստրախը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2016-ի հունվարին հաղորդվել էր Էբոլայի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի գրանցման մասին, որը բարձր արդյունավետություն է ցուցադրում` ավելի բարձր, քան այն բոլոր դեղամիջոցները, որոնք աշխարհում մինչ այժմ կիրառվում են: Մեկ չափաբաժնի արժեքը 12-ից 14 հազար ռուբլի է կազմում:
Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի համաճարակը սկսվել է 2014-ի փետրվարին` Գվինեայում: Հետո դուրս է եկել երկրի սահմաններից եւ տարածվել է Լիբերիայում, Սիերա-Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում եւ Մալիում: Հիվանդացման դեպքեր են արձանագրվել նաեւ մի շարք եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում: Պարզվել է, որ վիրուսով ավելի քան 30 հազար մարդ է վարակված, ավելի քան 12 հազարը մահացել է:






