Հայաստանի Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան էջում պատվաստումների վտանգավորության մասին գրառումը առողջապահության նախարարության խիստ վրդովմունքն ու անհանգստությունն է առաջացրել։

Բանն այն է, որ Հովհաննես Մանուկյանն այցելել է աուտիզմով տառապող երեխաների ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոն, ինչից հետո արել է հետեւյալ գրառումը.

«Պատվաստումներից տուժած, կամ դրանց հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ քիչ չեն: Պատվաստանյութեր արտադրողների վերաբերյալ տեսակետները ինչ-որ խաչմերուկում բախվելուց բացի, լայնածավալ քննարկումներ ապահովելուց զատ, շոշափելի արդյունքներ չեն գրանցում: Անգամ բժիշկներն են այդ հարցում տարակարծիք. շատերը չեն պատվաստում իրենց երեխաներին, մի մասը զերծ է մնում սնդիկ ու այլ ծանր մետաղներ պարունակող պատվաստանյութերից, մի մասն էլ հրաժարվում է ընդհանրապես: Մինչ մարդկության «խելացի» հատվածը բիզնես շահեր է որոնում պատվաստանյութերի շուկայում, գիտնականները տարբեր կենդանիների վրա աղաղակող եւ լուռ փորձեր են անում, հարյուրավոր երեխաներ դառնում են սխալ պատվաստումների անդառնալի հետեւանքի կրողներ…

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոնի՝ արտաքինից որեւէ թերություն չունեցող սաների տարբերությունը մյուս երեխաներից առաջին տպավորությամբ զրոյական է: Հետո արդեն պարերին, երգերին, արտաքին աշխարհի դրսեւորումներին նրանց արձագանքը տխրելու եւ մտորելու առիթ է տալիս: Կենտրոնի տնօրենը նշում է, որ երեխաների մտավոր ռեգրեսը հիմնականում սխալ կամ անորակ պատվաստանյութերով պատվաստման արդյունք է, ինչը շտկողական կամ որեւէ այլ միջամտությամբ հնարավոր չէ վերացնել»։

Սրան ի պատասխան ՀՀ ԱՆ իր պաշտոնական կայքեջում մեկնաբանություն է տեղադրել, որում, մասնավորապես, ասվում է.

«Նորից հնչում են անհիմն, անապացույց` զավեշտի հասնող ինչ-որ «մտքեր»: Կարծես միջնադարի խորքից տգիտությունն է վերադարձել եւ դեռ բավական չէ մարդկանց կյանքերն է փորձում վտանգի ենթարկել, դեռ մի բան էլ` ձեռքի հետ այնպիսի «հուզական» մտքեր է արտահայտում, որ կթվա, թե բարեհաճորեն փորձում է ամեն ինչ ուղղել: Նման մարդկանց հորդորում ենք մինչեւ հուզվելը մի քանի վայրկյան մտածել ու նոր պղտորել մարդկանց հոգիները: Հետաքրքիր է, արդյոք, կգտնվի՞ մեկը, ով կարող է գնահատել, թե մարդկությունն ի՞նչ կորուստներ կունենար, եթե չլինեին պատվաստումները: Արդյո՞ք կգտնվի այն խելոքը, ով կարող է իր պատասխանատվությամբ արգելել պատվաստումները եւ իր խղճի վրա վերցնել հազարավոր մանուկների հնարավոր մահը կյանքի առաջին իսկ տարիներին` մեծ կորուստներով աղետի հասցնելով մեր երկիրն ու ժողովրդին: Ցավոք, մենք` բժիշկներս ենք հաճախ ականատեսը լինում մեր օրերում ծնողների` պատվաստումներից զերծ պահելու պատճառով երեխային կորցնելու դժբախտությանը։ Շատ կուզենայինք սոցիալական ցանցերում իրենց ժամանցն անցկացնող մեր քաղաքացիները գոնե մեկ անգամ տեսնեին եւ պատկերացնեին, թե ինչի կարող է հանգեցնել իրենց կողմից սերմանած անվստահությունը եւ կասկածը:

Մեր հանրությանը վստահեցնում ենք, որ ոչ միայն այս անգամ, այլեւ հետագայում եւս չի հաջողվելու խաթարել իմունականխարգելման ծրագիրը, որ ազգային անվտանգության ապահովման խնդիր է։ 21-րդ դարն է, եւ մեր մոտեցումներում միակ հիմքը գիտությունն է, արժանահավատ եւ մեծաթիվ գիտական հետազոտությունները, որոնք մեկընդմիշտ ապացուցել եւ հաստատել են ճշմարտությունը: Որպես ոլորտի պատասխանատու մենք հայտարարում ենք, որ պատվաստումները մանուկների մտավոր զարգացման վրա բացարձակապես բացասական ազդեցություն չեն ունենում: Պատվաստումները որեւէ կերպ աուտիզմի չեն հանգեցնում: Պատվաստումները զարգացման արատների առաջացման պատճառ չեն դառնում: Սրա ապացույցը նաեւ մեր երկրում այն հարյուր հազարավոր երեխաներն են եւ միլիոնավոր մեր այն քաղաքացիները, ովքեր ապրում են մեր կողքին, ովքեր ժամանակին եւ պատշաճ պատվաստվել են:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստան ներմուծվող պատվաստանյութերը լավագույնն են: Ոչ թե լավագույներից մեկը, այլ` ամենալավագույնը: Մեր մասնագետներն ամեն տարի բազմաթիվ տեսական եւ գործնական դասընթացներ են անցնում եւ լիարժեք տիրապետում են պատվաստումների համաշխարհային փորձին: Յուրաքանչյուր երեխայի պատվաստման նպատակահարմարությունը անհատական մոտեցումներով է որոշվում: Ուստի հորդորում ենք բոլորին զերծ մնալ ոչ մասնագիտական, կեղծ եւ անհիմն մեկնաբանություններից։

Ի դեպ, աշխարհում երկրներ կան, ընդ որում` զարգացած, ուր օրենքի ուժով պատժում են պատվաստումներից խուսափողներին։ Օրինակ, ԱՄՆ Կալիֆորինա եւ մի շարք այլ նահանգներում չպատվաստված երեխաներին արգելում են դպրոց կամ հանրային այլ վայրեր հաճախել։ Իսկ Ուրուգվայում անհիմն չպատվաստված երեխայի ծնողներին ազատազրկման են ենթարկում։ Հայաստանը չի գնացել այս ճանապարհով եւ չի գնալու։ Մենք աշխատում ենք վստահության վրա եւ ապավինում մեր հայրենակիցների գիտակցությանը։ Ուստի այսուհետ ՀՀ առողջապահության նախարարությունը կոշտ է արձագանքելու պատվաստումների հարցում մարտնչող տգիտության ցանկացած դրսեւորման»։