2016-ի հուլիսի 1-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 202.839 քաղաքացի, որոնցից 98.458-ը կանայք են: Դա կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 6.7 տոկոսը: Այս մասին լրագրողներին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից Բժշկա-սոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ 10.227 մարդ (5 տոկոսը) առաջին խմբի հաշմանդամություն ունի, երկրորդ խմբի՝ 79.164-ը (39 տոկոս) եւ երրորդ խմբի՝ 105.432-ը (52 տոկոս): 202.839 մարդուց 141.108-ն ունեն անժամկետ հաշմանդամություն, մնացածը ժամանակ առ ժամանակ կրկնակի փորձաքննություն է անցնում՝ իրենց կարգավիճակի հաստատման համար: 2016 թվականին փորձաքննություն է անցել ընդամենը 36.556 մարդ, որոնցից 8980-ը՝ առաջին անգամ: 34.756 մարդ այս տարի հաշմանդամության կարգ է ստացել, ընդ որում՝ նրանցից 942 մարդ՝ առաջին անգամ, 897 մարդ որոնք երկրորդ անգամ են փորձաքննություն անցել, հաշմանդամ չեն ճանաչվել:

Հաշմանդամություն ունեցող 26.118 (12.9 տոկոս) մարդ 18-40  տարեկան է, 101.098 (49.8 տոկոս) մարդ՝ 40-ից 63 տարեկան, իսկ 67.690 (33.3 տոկոս) մարդ՝ կենսաթոշակային տարիքի:

Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, ապա վերջին տվյալներով՝ Հայաստանում կա 8016 հաշմանդամ երեխա (երկրի բոլոր երեխաների 4 տոկոսը), նրանցից 2514-ը աղջիկներ են:

31.6 տոկոս դեպքերում հաշմանդամության պատճառը սիրտ-անոթային հիվանդությունն է, 10.8 տոկոս դեպքերում՝ հոգեկան խանգարումները, 8.1 տոկոս դեպքերում՝ չարորակ նորագոյացությունները, 7.9 տոկոս դեպքերում՝ նյարդային համակարգի հիվանդությունները, 7.3 տոկոս դեպքերում՝ էնդոկրին հիվանդությունները:

Ինչպես նշել է Արմեն Սողոյանը, հաշմանդամություն ստանալիս կարեւոր է ոչ թե այն, թե կոնկրետ քաղաքացին ինչ հիվանդությամբ է տառապում, այլ այն, թե նա ինչ վիճակում է, որքանով է նրա հիվանդությունն ազդել նրա գոծառնությունների վրա եւ ինչ սահմանափակումների է հանգեցրել: Ցանկացած դեպքում քաղաքացուն հաշմանդամություն հատկացնելու հարցը որոշում է հատուկ հանձնաժողովը:

Մասնագետի խոսքով՝ ուռուցքային հիվանդություններով տառապող մարդիկ մշտապես երրորդ խմբի հաշմանդամություն են ստանում: Մեկ կամ երկու տարի հետո, եթե հիվանդությունը նահանջում է, եւ մարդն ապաքինվում է, նա այլեւս հաշմադամ չի համարվում: Իսկ եթե հիվանդությունը լրջորեն ազդել է նրա գործառույթների վրա կամ հիվանդության հետեւանքով նա կարեւր օրգան կամ վերջույթ է կորցրել, նրա հաշմանդամության խումբը կարող են վերանայել: