Պլանավորվում է Հայաստանում ներդնել Ֆունցիոնալության միջազգային դասակարգում (ՖՄԴ), որի շնորհիվ կընդլայնվի հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդկանց շրջանակը, որոնք կկարողանան առողջության պահպանման զանազան ծառայություններից օգտվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից Բժշկա-սոցիալական գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը:
Ֆունցիոնալության, կենսագործունեության եւ առողջության սահմանափակումների միջազգային դասակարգումը, որը 2001-ի մայիսի 22-ին տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 54-րդ նստաշրջանում հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից (WHA 54,21 բանաձեւ), կիրառվում է որպես միջազգային ստանդարտ՝ առողջության խաթարումների նկարագրման եւ չափորոշման համար: Այսօր ՖՄԴ-ն համարվում ԱՀԿ ստանդարտ ինչպես անհատների, այնպես էլ բնակչության մակարդակով առողջության վիճակի եւ հաշմանդամության չափորոշման համար:
Ինչպես նշել է Արմեն Սողոյանը, ՖՄԴ ներդրումը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող քաղաքացիների պահանջները եւ նրանց այդ խանգարումներին համապատասխան ծառայություններ մատուցել: Նրա խոսքով՝ դա լիովին կփոխի հաշմանդամության հանդեպ մոտեցումը:
Այսպես՝ այսօր այս կամ այն ֆունկցիոնալ խանգարմամբ մարդը, կարող է, օրինակ, հաշմանդամության երրորդ խումբ ստանալ, ինչը նրան նպաստ ստանալու եւ ձեռք բերելիք դեղերի զեղչի հնարավորություն կտա: Այնուհետեւ նրան հաշմանդամության խումբ հատկացրած բժիշկները եւ մասնագետները նրա մասին պարզապես «կմոռանան». նրանք նրան կտեսնեն մեկ տարի հետո, երբ հարկ կլինի նորից փորձաքննություն անցնել՝ հաշմանդամության խումբը հաստատելու համար: Իսկ եթե ներդրվի ՖՄԴ-ն, մարդիկ ոչ միայն հաշմանդամության խումբ կստանան, այլ նրանց պահանջները կգնահատվեն, նրանց հետ կաշխատեն եւ նրանց ծառայություններ կմատուցվեն, որոնք նրանց կօգնեն հնարավորության սահմաններում վերականգնել առողջությունը եւ դրա ֆունկցիոնալությունը:
Ավելին՝ այդ բժշկական եւ վերականգնողական ծառայություններին հասանելիություն կստանան նաեւ հաշմանդամության խումբ չունեցողները. այդ ծառայությունների շնորհիվ նրանք կկարողանան հաշմանդամությունից խուսափել:
Ինչպես նշել է Արմեն Սողոյանը, ՖՄԴ ներդրման առաջին քայլերը կկատարվեն արդեն 2017 թվականին:
Այս տարվա հոկտեմբերի 20-21-ին Հայաստանում տեղի կունենա միջազգային գիտական համաժողով, որին կմասնակցեն շատ երկրների փորձագետներ, ինչպես նաեւ ԱՀԿ ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում մասնակիցները կներկայացնեն Ֆունցիոնալության միջազգային որակավորման ներդրման իրենց փորձը, իսկ դա հայ մասնագետներին հնարավորություն կտա խուսափել սխալների կրկնումից եւ երկրում առավել արդյունավետ ներդնել ՖՄԴ-ն:






