Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորը» Մոսկվայի մետրոպոլիտենի եւ Առողջապահության դեպարտամենտի հետ ուղեւորներին գրիպի դեմ պատվաստելու արշավ կանցկացնի: Այս մասին հայտնել են «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌՒԱ Նովոստի»-ն:

«Պատվաստումները կիրականացվեն Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանների շարժական կետերում: Միջոցառումն առաջին հերթին նախատեսված է աշխատող մոսկվացիների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Շարժական կետեր Մոսկվայի բնակիչները կարող են դիմել սեպտեմբերի 5-ից նոյեմբերի 1-ը ժամը 8:00-ից 20:00-ն: Որպես պատվաստանյութ է օգտագործվելու «Գրիպպոլ պլյուսը»: Նախքան պատվաստելը քաղաքացիներին զննելու է բժիշկը: Բոլոր պատվաստվածներին կտրվի վկայական, որը ստանալու համար պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ պարտադիր բժշկական ապահովագրություն:

Պատվաստումը կլինի անվճար:

Մետրոյի կայարանների ցուցակը, որոնցում իրականացվելու է պատվաստումը, կտեղակայվի «Ռոսպոտրեբնադզորի» Մոսկվայի վարչության, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի եւ մետրոպոլիտենի կայքերում, ինչպես նաեւ վագոնների էլեկտրոնային ցուցատախտակներին:

Այս պահին Մոսկվայում գրիպի եւ ՍՇՎ հիվանդությունների վիճակը կայուն է: Օգոստոսի 25-ից մեկնարկում է գրիպի դեմ պատվաստման արշավը: Պլանավորվում է պատվաստել ավելի քան 5 մլն մարդու: