2016-ի առաջին յոթ ամիսների ընթացքում Սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրի շրջանակում Հայաստանում պետպատվերով կատարվել է 801 ստենտավորում: Այս մասին լրագրողներին հայտնել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նա նշել է, որ այս ծրագրի շրջանակում Հայաստանի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների թիվը մեծ է եղել. բոլորին կորոնարոգրաֆիա է կատարվել, որի արդյունքներով պարզվել է, որ անհետաձգելի ստենտավորման կարիք է ունեցել 801 հիվանդ:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2015 թվականին Սրտի անհետաձգելի վրահատության Stent for life ծրագրի մասնակիցներ են դարձել սուր ինֆարկտ տարած 1463 հիվանդներ: Նրանցից 1391-ը ենթարկվել է կորոնար արտերիայի ստենտավորման վիրահատության: Իսկ կես տարվա ընթացքում՝ 2015-ի սկզբից մինչեւ 2016-ի մայիս, Stent for life-ի շահառուներ են դարձել սուր ինֆարկտով 2224 հիվանդներ:

Հիշեցնենք նաեւ, որ Stent for life ծրագիրը Հայաստանում գործում է 2015-ի հունվարից: Ծրագրի շրջանակում ծրագրի չափանիշներին համապատասխանող հիվանդները (հիվանդը պետք է տարած լինի սրտամկանի ST ինֆարկտ, որը համարվում է սուր ինֆարկտի ամենածանր տեսակը՝ հայտնի որպես լայնածավալ ինֆարկտ) կարող են պետպատվերով ստենտավորում ստանալ, որը նրանց կյանքը կարող է փրկել: Ծրագրի մասնակիցներ կարող են դառնալ սոցիալական խմբերում ընդգրկված անձինք, որոնք անվճար բուժսպասարկման, այդ թվում՝ ստենտավորման իրավունք ունեն:

Ծրագիրը մեկնարկել է Երեւանի 4 բժշկական կենտրոններում, որից հետո ներգրավվել են անգիոգրաֆիական ծառայություն ունեցող այլ կլինիկաներ եւս, նաեւ Գորիսի եւ Գյումրիի երկու մարզային կլինիկաները:

Մասնագետները պնդում են, որ այդ ծրագրի ներդրումից հետո Հայաստանում ինֆարկտից մահացությունը նվազել է: