Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում երկու ծննդկանների մահվանից հետո առողջապահության նախարարի հրամանով ԲԿ-ում ստուգումներ են անցկացվել, որոնք ոչ մեծ թերություններ եւ խնդիրներ են բացահայտել, դրանք, սակայն, ոչ մի կապ չունեն կանանց մահվան հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ծննդատները երեք կարգի են բաժանվում. երրորդ կարգի ծննդատներում անհրաժեշտ սարքավորումներ կան, իսկ անձնակազմը համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունի՝ ռիսկի խմբում գտնվող հղիների հետ աշխատելու համար: Այս ծննդատներում մահացությունն ավելի բարձր է, քան առաջին երկու կարգի ծննդատներում, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ այնտեղ ծննդօգնությունը վատ է կազմակերպված, պարզապես առաջին երկու տեսակի ծննդատներում ծննդաբերում են ոչ մի խնդիր չունեցող կանայք, իսկ երրորդ կարգի ծննդատներում մեծաթիվ են նրանք, ում մոտ կարող են բարդացումներ առաջանալ: «Սլավմեդ» ծննդատունը դասվում է հենց երրորդ կարգին:

Փոխնախարարը նշել է, որ երկու ծննդկանների մահվան ուսումնասիրությունը (նրանցից մեկը 28-ամյա Տաթեւ Գասպարյանն էր, որը ծնունդից առաջ բացարձակ առողջ էր) ցույց է տվել, որ երկու կանայք էլ չեն մտել բարձր ռիսկի որեւէ խմբում: Հետեւաբար Առողջապահության նախարարության մոտ հարց առաջացավ՝ արդյոք բժշկական կենտրոնում ճի՞շտ է կազմակերպված ծննդօգնությունը՝ կոնսուլտացիայից մինչեւ ծնունդ, նաեւ ինչպես է կազմակերպված լաբորատոր ծառայությունը, ինֆեկցիաների կանխարգելումը, պատվաստումը, մի խոսքով՝ այն ամենը, ինչ կապված է ծննդօգնության ապահովման հետ: Մանկաբարձների, գինեկոլոգների եւ առողջապահության կազմակերպման ոլորտների մասնագետներից կազմված հանձնաժողովը՝ Սերգեյ Խաչատրյանի ղեկավարությամբ, մի քանի օր աշխատել է հիվանդանոցում եւ մի շարք ստուգումներ է իրականացրել, որոնք, ինչպես փոխնախարարն է նշել, օգնել են հայտնաբերել միայն ոչ մեծ թերություններ եւ խնդիրներ՝ հիմնականում կապված ծառայությունների հետ: Հայտնաբերված խնդիրները, սակայն, կապ չունեն հղի կանանց մահվան հետ: Աշխատանքի ավարտի արդյունքներով հանձնաժողովը հայտնաբերված խնդիրները վերացնելու հրահանգներ է տվել, եւ որոշ ժամանակ անց կանցկացվի կրկնակի ստուգում:

Անդրադառնալով երկու ծննդկանների մահվանը՝ Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ մահվան յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ սկսած հղի կնոջ գրանցումից եւ հաշվառման կանգնելուց մինչեւ մահվան պահը, եւ հատուկ հանձնաժողովի մասնագետները գնահատում են բժիշկների գործողությունները:

Մահվան վերջին երկու դեպքերն այժմ ուսումնասիրվում են, սակայն հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն հրապարակելու իրենց ստուգումների արդյունքները՝ չխանգարելու համար իրավապահ մարմինների քննությանը: Հենց նրանք կարող են որոշել՝ ծննդկանների մահվան մեջ որեւէ մեկը մեղավո՞ր է եւ ինչպիսի պատասխանատվության է ենթարկվելու, իսկ Առողջապահության նախարարության ստուգումների նպատակը հասկանալն է, թե ինչ խնդիրներ կան կլինիկայում եւ ինչպես է հնարավոր դրանք վերացնել: