Դպրոցական առաջին օրը ցանկացած երեխայի համար բավական լուրջ սթրես է, եւ այն, թե նա ինչպես կհաղթահարի այդ սթրեսը՝ առաջին հերթին կախված է որքանով են նրան նախապատրաստել այն ամենին, ինչ նրան սպասում է սեպտեմբերի 1-ին:

Ինչպե՞ս երեխային պատրաստել դպրոցին: Այս մասին մի շարք խորհուրդներ է տալիս հոգեբան Լաուրա Պետրոսյանը:

• Ինչպես նշեց հոգեբանը, առաջին հերթին երեխային պետք է ճիշտ տեղեկություն տալ այն մասին, թե նրան դպրոցում ինչ է սպասում: Այդպես նա անիրական սպասումներ եւ դրան հետեւող հիասթափություններ ու սթրես չի ունենա:

• Երեխան նաեւ պետք է իմանա, որ դպրոցը չի նշանակում միայն դասեր եւ գիտելիքների ստացում: Դպրոցը նաեւ այլ մարդկանց՝ համադասարանցիների եւ ուսուցիչների հետ շփվելու վայր է:

• Եթե երեխան արդեն իսկ ունի նոր մարդկանց հետ ծանոթանալու եւ նրանց հետ շփվելու լավ փորձ, ապա դա նրա դպրոցում գտնվելու առաջին օրերը զգալիորեն կթեթեւացնի: Դե իսկ եթե այդպիսի փորձ չունի կամ մարդկանց հետ շփվելու խնդիրներ ունի, ծնողները նրան պետք է օգնեն նախապատրաստվել նոր մարդկանց հետ ծանոթությանը:

• Տարածված կարծիքներից մեկի համաձայն՝ մանկապարտեզ հաճախած երեխաները դպրոցին ավելի հեշտ են հարմարվում: Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ. ինչպես նշեց հոգեբանը, դպրոցին հեշտ են վարժվում միայն այն երեխաները, որոնք մանկապարտեզում եւս չեն բախվել հարմարվելու հատուկ սթրեսի:

• Այս հարցում կարեւոր է նաեւ դաստիարակների դերը. հոգեբանի խոսքով՝ հենց ուսուցիչներն են ընդունակ դասարանում հարմարավետ, բարեհամբույր մթնոլորտ ստեղծելու, որպեսզի երեխաներն ավելորդ սթրես չապրեն:

• Եվ վերջապես՝ եթե դպրոցում երեխայի մոտ խնդիրներ են առաջանում, հոգեբանի կարծիքով՝ ծնողները պարտավոր են երեխային դրանք ինքնուրույն հաղթահարելու հնարավորություն տալ: Ծնողներն, իհարկե, պետք է երեխայի կողքին լինեն, պետք է նրանց աջակցեն, օգնեն եւ խորհուրդներ տան, սակայն պետք չէ, որ նրանք ինչ-որ բան երեխայի փոխարեն անեն: