Եթե քաղցկեղային հիվանդությունները ժամանակին են հայտնաբերվում, դրանց մեծ մասը բուժվում է, սակայն շատ հիվանդներ բժշկի են գալիս արդեն այնքան բարձիթողի վիճակում, որ պալիատիվ օգնությունից բացի նրանց արդեն որեւէ այլ բան հնարավոր չէ առաջարկել: Ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը նշեց, որ Հայաստանում ուռուցքային հիվանդների կեսը բժշկի են դիմում հիվանդության ուշ փուլերում՝ 3-րդ եւ 4-րդ:

Մասնագետի խոսքով եթե հիվանդի մոտ քաղցկեղը ախտորոշվում է 1-ին փուլում, 5 ամյա ապաքինումը քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում հասնում է 92 տոկոսի, երկրորդ փուլում՝ մոտ 52 տոկոսի, սակայն եթե քաղցկեղը հայտնաբերվում է 3-րդ ու 4-րդ փուլերում՝ հիվանդների միայն 10-12 տոկոսն է ապրում 5 եւ ավելի տարի:

Հիմնական խնդիրն այն է, որ քաղցկեղը շատ նենգ հիվանդություն է, ու սկզբնական փուլերում այն սովորաբար իրեն ոչ մի կերպ չի դրսեւորում, հենց դրա համար էլ, ուռուցքաբան Արմեն Քոչարյանի խոսքով, այդքան կարեւոր է պարբերաբար կանխարգելիչ հետազոտություններ անել, նույնիսկ եթե ոչ մի ախտանշան չկա: Մամոգրաֆիան,օրինակ, կօգնի բացահայտել կրծքագեղձի քաղցկեղը ամենասկզբնական փուլերում, երբ ուռուցքը դեռ ընդամենը մեկ փոքր հատիկի չափ է, ու երբ հիվանդ կինը բուժվելու գրեթե 100 տոկոս շանսեր ունի: Նվազն կարեւոր չեն նաեւ մյուս սքրինինգային հետազոտությունները (օրինակ փափ-թեստը կանանց համար, թոքերի ռենտգենը ծխողների համար եւ այլն), որոնք նույնպես կարող են օգնել բացահայտել քաղցկեղը կան նախաքաղցկեղային վիճակը ու ժամանակին օգնություն ցուցաբերել:

Նշենք, որ քաղցկեղով հիվանդացությունը տարեցտարի աճում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Անցած տարի մեր երկրում գրանցվել է քաղցկեղի 8372 նոր դեպք, կրկնակի շատ, քան 20 տարի առաջ: Ամեն տարի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում քաղցկեղից ստացիոնար բուժում է ստանում շուրջ 10 000 հիվաննդ: Հետաքրքիր է այն, որ Գագիկ Բազիկյանի խոսքով, այսօրվա դրությամբ 16 000 հայ հիվանդներ հաղթահարել են 5-ամյա ապաքինման սահմանը ՝ նրանց մոտ քաղցկեղը հայտնաբերվել էր մինչեւ 2011 թ. ու հիմա նրանք ողջ առողջ են, աշխատում ու ապրում են նորմալ կյանքով

Նաեւ նշենք, որ աշխարհում տարեկան քաղցկեղի մոտ 10-12 մլն նոր դեպք է ախտորոշվում ու դրա պատճառով 7 մլն մահ: Համարվում է, որ քաղցկեղով հիվանդացությունը կշարունակի աճել ու դա գրեթե անխուսափելի է, սակայն կարելի է նվազեցնել դրանից մահացությունը ՝ այդ թվում շուտ ախտորոշելու ու արդյունավետ բուժում նշանակեու միջոցով: