Հատուկ շաքարային դիաբետով հիվանդների համար ստեղծված գուլպաները Հայաստանում վաճառքի կհանվեն ապրիլի մեկից: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Hello Medical ընկերության ծրագրի ղեկավար Մարինե Մանուկյանը: Ընկերության արտադրանքը ցուցադրված է այսօր, մարտի 14-ին Երեւանում, Մերգելյան ինստիտուտի տարածքում բացված «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսին։

Երեւանում մեկնարկեց «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2014» 13-րդ միջազգային ցուցահանդեսը 

Մանուկյանի խոսքով՝ հայաստանյան շուկայում  կհայտնվի գուլպայի 3 տեսակ, որոնք ստեղծվել են տարբեր տեխնոլոգիաներով եւ տարբեր նյութերով: Գուլպաների առաջին տիպը X-Static-ն է, որը նախատեսված է շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար: Դրանք բացի բամբակից՝ պարունակում են նաեւ մաքուր արծաթ, որը հակաբակտերիալ հատկություն ունի: Գուլպաների երկրորդ տիպը՝ Modal-ը, ստեղծված է հատուկ թելից, որը կոչվում է մոդալ, այն եւս մշակված է արծաթով: Արտադրողի խոսքով՝ այդ գուլպաները կանխում են մաշկի քորն ու գրգռվածությունը եւ այդ հատկությունները լվանալուց հետո չեն կորցնում:

Ինչ վերաբերում է գուլպաների երրորդ տիպին՝ դրանք, Մանուկյանի խոսքով, կոչվում են Microfiber  եւ պատրաստված են, ինչպես անվանումն է հուշում, միկրոֆիբրայից: «Այդ գուլպաները նախատեսված են ավելի ուշ փուլի դիաբետով հիվանդների համար, երբ ոտքերի վրա վերքեր եւ խոցեր կան»,- նշեց Մարինե Մանուկյանը: Գուլպաները պաշտպանում են ոտքերն ու դրանք չոր պահում:

Գուլպաների երեք տեսակն էլ հակաբակտերիալ հատկություններ ունեն եւ կարեր չունեն, քանի որ կարերը կարող են գրգռվածություն կամ այլ խնդիրներ առաջացնել դիաբետով տառապող մարդկանց դեպքում: Դրանց վերեւի մասը չի սեղմում եւ չի խանգարում արյան շրջանառությանը:

«Այդ գուլպաների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք իրենց բաղադրության մեջ պարունակվող արծաթի շնորհիվ՝ կանխում են քրտնարտադրությունը եւ  պայքարում են բակտերիաների դեմ: Միկրոֆիբրայից պատրաստված գուլպաները պաշտպանում են ոտքերը, կանխում են մաշկի վրա կեղտի եւ վարակի ընկնելը եւ արագ հանում են քրտինքը»,- ասաց Մանուկյանը:

Մարինե Մանուկյանի խոսքով՝ ապրիլի մեկից դիաբետիկների համար այդպիսի գուլպաներ հնարավոր կլինի գտնել Երեւանի դեղատներում: