Քիմիոէմբոլիզացիան չարորակ ուռուցքները (հիմնականում լյարդի քաղցկեղը) բուժելու կոմբինացված մեթոդ է, որ ներառում է տեղային քիմիոթերապիա եւ արյունատար անոթների էմբոլիզացիա: Բուժման այդ մեթոդը, ինչպես պատմեց «Էրեբունի» ԲԿ ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում, պալիատիվ (ամոքիչ) է եւ ոչ ռադիկալ, եւ կիրառվում է այն դեպքում, երբ բուժման ռադիկալ մեթոդը` լյարդի ռեզեկցիան (հատում), անհնարին է: Իսկ դա պատահում է լյարդի քաղցկեղի 80% դեպքերում, քանի որ այդ հիվանդությունն ընթանում է` առանց կլինիկական դրսեւորումների, հայտնաբերվում է պատահականորեն եւ արդեն ուշ փուլերում:
Բժշկի խոսքով, քիմիոէմբոլիզացիայի մեթոդը կիրառվում է լյարդի առաջնային եւ երկրորդային ուռուցքների (այլ օրգանների քաղցկեղի մետաստազներ լյարդում) բուժման համար: Քիմիոէմբոլիզացիան կատարվում է հետեւյալ եղանակով. անգիոգրաֆիկ հետազոտությամբ որոշվում են լյարդի ուռուցքը սնուցող անոթները: Լյարդի նորագոյացությունները հիմնականում արյուն են ստանում լյարդային զարկերակի միջոցով:
Անոթի մեջ դրվում է կաթետեր, իսկ նրա միջով նուրբ գործիքների օգնությամբ զարկերակ է ներարկվում լուծույթ, որը պարունակում է երկու բաղադրիչ` խցանող (էմբոլիզացնող) նյութ եւ քիմիոթերապիայի պրեպարատ: Արսեն Ծատուրյանի պարզաբանմամբ` պրոցեդուրայից առաջ կոնսուլտացիա է արվում քիմիոթերապեւտի հետ եւ որոշվում է տվյալ տեսակի քաղցկեղի բուժմանն անհրաժեշտ դեղորայքը, ինչպես նաեւ դրա դոզավորումը: Այդ դեղը ներարկումից հետո երկու շաբաթվա ընթացքում թափանցում է ուռուցքի մեջ, այսինքն` կատարվում է տեղային օջախային քիմիոթերապիա:
Քիմիոպրեպարատն ուղղորդող այս մեթոդի առավելությունն այն է, որ պրեպարատի խիստ բարձր դոզա է ներարկվում անմիջապես ուռուցքի մեջ` առանց բացասական ազդեցությունների ընդհանուր օրգանիզմի վրա: Զարկերակի էմբոլիզացիան, իր հերթին, հանգեցնում է նրան, որ դադարում է արյան շրջանառությունը հենց ուռուցքի մեջ, ինչը նրան զրկում է աճին անհրաժեշտ թթվածնով հագեցած բջիջներից եւ սնուցիչ նյութերից:
Բժշկի խոսքով` պրոցեդուրայից մեկ ամիս անց պացիենտն անցնում է ստուգիչ հետազոտություն` ԳՁՀ-ի եւ ՀՏ-ի օգնությամբ: Գերակշիռ դեպքերում տեղի է ունենում ուռուցքի մեռուկացում եւ նրա չափերի փոփոխում: «Մենք կանգնեցնում ենք կամ դանդաղեցնում ենք ուռուցքի աճը եւ կանխում ենք հիվանդության հետագա տարածումը: Բայց պետք է նշել, որ այդ միջամտությունը համարվում է պալիատիվ, եւ ոչ ռադիկալ: Սա քաղցկեղի բուժում չէ, այլ քիմիոթերապիայի մեթոդ, որը դանդաղեցնում է հիվանդության զարգացումը եւ երկարացնում է հիվանդի կյանքը, սակայն չի փրկում»,- նշեց մասնագետը եւ անմիջապես հավելեց, որ լինում են դեպքեր, երբ բազմակի քիմիոէմբոլիզացիայից հետո հաջողվում է լիովին կանգնեցնել պրոցեսը:






