Այսօր հիպերտոնիայով տառապում է աշխարհում յուրաքանչյուր երրորդ չափահաս մարդը, բայց հիվանդների մեծամասնությունը չգիտե իր խնդրի մասին, հետեւաբար, ոչինչ չի անում ճնշման կայունացման եւ առողջության պահպանման համար: Այդ պատճառով դեպքերի մեծ մասում հիպերտոնիան հանգեցնում է մի շարք մահացու վտանգավոր բարդացումների:
Շատ փորձագետների կարծիքով, այդ ամենը տեղի է ունենում հիպերտոնիայի մասին տեղեկությունների եւ գիտելիքների պակասի պատճառով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հիվանդության մասին մի քանի վտանգավոր առասպել: Ոչ մի դեպքում չի կարելի առաջնորդվել այդ առասպելներով:
Առասպել 1. Հիպերտոնիան տարեց մարդկանց հիվանդությունն է
Ոմանց թվում է, թե հիպերտոնիա ունենում են միայն տարեցները, բայց այդպես չէ: Իրականում բարձր զարկերակային ճնշման եւ դրա հետ կապված խնդիրների բախվում են նույնիսկ երիտասարդ մարդիկ: Իրոք, տարիքի հետ արյունատար անոթները թուլանում են եւ հիպերտոնիայի զարգացման ռիսկը մեծանում է, սակայն դա չի նշանակում, թե երիտասարդներն ապահովագրված են այդ խնդրից:
Առասպել 2. Կանայք հիպերտոնիա չեն ունենում
Մեկ այլ տարածված առասպել. հիպերտոնիայով տառապում են միայն տղամարդիկ: Իրականում երկու սեռի ներկայացուցիչներն էլ հավասարապես հաճախակի բախվում են բարձր զարկերակային ճնշմանը: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ խանգարումն առավել հաճախ հանդիպում է մինչեւ 45 տարեկան տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ` արդեն դաշտանադադարից հետո:
Առասպել 3. Հիպերտոնիան ակնհայտ ախտանիշներ ունի
Ոմանք կարծում են, թե իրենք հիպերտոնիա չունեն, որովհետեւ ոչ մի «ախտանիշ» չկա: Սակայն զարկերակային բարձր ճնշումն իզուր չեն կոչում «անձայն մարդասպան». շատ հաճախ այն ընդհանրապես ոչ մի կերպ չի դրսեւորվում: Դեպքերի ճնշող մեծամասնությամբ, հիպերտոնիա են ախտորոշում բժշկի կաբինետում`տոնոմետրի միջոցով զարկերակային ճնշումը հաշվելուց հետո:
Առասպել 4. Եթե ճնշումը կարգավորվել է, կարելի է դադարեցնել դեղերի ընդունումը
Ոմանք կարծում են, որ եթե իրենց մոտ դեղերի ընդունումից հետո ճնշումը կարգավորվել է, դեղերից կարելի է հրաժարվել: Բայց դեղեր ընդունում են հենց նրա համար, որպեսզի ճնշման ցուցիչները շարունակեն մնալ նորմայի մեջ: Եթե Դուք դադարեք ընդունել դրանք, Ձեր ճնշումն ամենայն հավանականությամբ դարձյալ վեր կցատկի:






