ԱՄՆ-ում 55 մարդ հեպատիտ А-ով է վարակվել Եգիպտոսից բերված սառեցված ելակով սմուզիից հետո, հայտնում է CNN-ը վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնին (CDC):
Հիվանդության զանգվածային բռնկումը տեղի է ունեցել վեց նահանգում. առաջին դեպքերն ի հայտ են բերվել Վիրջինիայում, այնտեղ 44 մարդ է հիվանդացել, չորսական դեպք է եղել Մերիլենդում եւ Արեւմտյան Վիրջինիայում, մեկական` Հյուսիսային Կարոլինայում, Օրեգոնում եւ Վիսկոնսինում: Հիվանդների տարիքը 15-ից 68 տարեկանն է:
CDC-ի մամուլի քարտուղար Նորա Սպենսեր-Լավոլլը պատմել է, որ հիվանդությունը բավականին երկար ինկուբացիոն շրջան ունի` 15-ից մինչեւ 50 օր եւ առաջին ախտանիշները սկսել են ի հայտ գալ դեռեւս մայիսին, սակայն մինչեւ վերջերս բժիշկները չեն կարողացել ի հայտ բերել վարակի աղբյուրը:
Վարակաբանները պարզել են, որ բոլոր հիվանդացածները Եգիպտոսից ներմուծված հատապտուղներով սմուզի են խմել, որը վաճառվել է Tropical Smoothie Café ցանցի սրճարանում: Ցանցի տերերը դրանից հետո ճաշացանկից հանել են ներմուծված ելակը եւ այլ մատակարարներից նոր խմբաքանակներ են գնել:
Հեպատիտ A-ն լյարդի սուր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է համապատասխան վիրուսից, որը փոխանցվում է վարակված սննդի եւ ջրի միջոցով: Այն խրոնիկական փուլ չունի եւ լյարդի մշտական վնասվածքներ չի առաջացնում: Երբ վարակը ներթափանցում է օրգանիզմ, իմունային համակարգը սկսում է անհրաժեշտ հակամարմիններ արտադրել: Մի անգամ հեպատիտ А-ով վարակվելով` մարդն այլեւս երբեք դրանով չի վարակվում:






