Քիմիական նյութերը, որոնք պարունակվում են տարբեր լվացող միջոցներում եւ սփրեյներում, կարող են մեծացնել թոքերի վնասման ռիսկը: Նման եզրակացության են հանգել Նորվեգիայի գիտնականները: 

Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք նման տնտեսական ապրանքներ են օգտագործում, թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունների (ԹՔՕՀ) ավելի մեծ հավանականության են ենթակա, ներառյալ խրոնիկական բրոնխիտը եւ էմֆիզեման: 

Հետազոտողները 20 տարվա ընթացքում տեղեկություններ են ուսումնասիրել 5 հազար կնոջ վերաբերյալ, օգտագործելով  The European Community Respiratory Health Survey-ի հետազոտության տվյալները:

Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր պրոֆեսիոնալ մաքրմամբ են զբաղվել,  17 տոկոսով ավելի է նվազել թոքերի գործառույթը մյուսների համեմատ: Սակայն այն կանայք, որոնք կանոնավոր կերպով մաքրություն են արել սոսկ  իրենց տանը, եւս վտանգի են ենթարկվել: Թոքերի գործառույթը նրանց մոտ նվազել է  14 տոկոսով եւ ավելի: 

Գիտնականները մաքրող միջոցների բացասական ազդեցությունը կապում են շնչուղիները գրգռող քիմիական գործակալների, ինչպիսին ամիակն է, եւ ալերգիկ հակազդեցություն առաջացնելու ընդունակ այլ նյութերի հետ: 

Հետազոտողների կարծիքով, քանի որ նման կենցաղային ապրանքները կարող են առողջությունը վտանգի ենթարկել, մարդիկ պետք է ավելի լավ տեղեկացված լինեն նման ռիսկերի մասին:  Փորձագետները խորհուրդ են տալիս անպայման ստուգել մաքրող միջոցների բաղադրիչների ցանկը,   խուսափել վտանգավոր  ապրանքների գնումից, ինչպես նաեւ ուշադիր ուսումնասիրել պիտակների հրահանգները: 

Նրանք նաեւ առաջարկում են թաց անձեռոցիկներն օգտագործել որպես սփրեյների այլընտրանք եւ պատուհաններն ու դռները բացել մաքրության ընթացքում եւ դրանից հետո` օդափոխման համար: