Ջանադիր աշխատանքը խարխլում է առողջությունը: Դա հատկապես անդրադառնում է կանանց ինքնազգացողության վրա, ցույց է տվել ամերիկացի եւ դանիացի գիտնականների հետազոտությունը: 

Նրանք դանիական մի քանի արտադրական ձեռնարկության տվյալներ են ուսումնասիրել 1996-2006 թվականների վերաբերյալ, ինչպես նաեւ գնահատել են այդ ընկերությունների աշխատակիցների առողջական վիճակը: 

Պարզվել է, որ արտահանման պատվերների թվի աճի հետ աշխատողների արտադրողականությունը մեծացել է, բայց նրանք ավելի շատ ժամանակ են անցկացրել աշխատավայրում: Միաժամանակ նրանց մոտ ավելացել են առողջության հետ կապված խնդիրները, դա հատկապես վերաբերել է կանանց: 

Այսպես, արտադրության ծավալի 10 տոկոս աճը կանանց մոտ 6,4 տոկոսով մեծացրել է արտադրական ծանր վնասվածքներ ստանալու ռիսկերը: Ծանր դեպրեսիայի ռիսկը նրանց մոտ աճել է  2,5 տոկոսով, հակամակարդիչների օգտագործմանը` 7,7 տոկոսով, իսկ սրտային նոպաների եւ ուղեղի կաթվածների հետեւանքով հիվանդանոց տեղափոխման ռիսկը`  15 տոկոսով: Տղամարդկանց մոտ եւս առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել, բայց` ավելի փոքր աստիճանի:

Նշվում է, որ արտահանման մեծ աճի դեպքում աշխատողներն ավելի քիչ ժամանակ են ծախսել հիվանդության հետ կապված արձակուրդների վրա: Հավանաբար նրանք ստիպված են եղել աշխատանքի գնալ, նույնիսկ երբ իրենց վատ են զգացել: Երբ արտահանումը կայունացել է, մարդիկ ավելի երկար են աշխատանքից բացակայել հիվանդության պատճառով: 

Հետազոտողների կարծիքով, այդ ամենն այն մասին է խոսում, որ գործատուները պետք է ավելի ակտիվորեն աշխատակիցներին օգնեն հաղթահարել սթրեսը: