Էբոլայի վիրուսը կարող է սերմնահեղուկում պահպանվել տարուց ավելի, զգուշացնում են գիտնականները: Այդ բացահայտումը բժիշկներին կստիպի վերանայել Էբոլայի տենդից բուժվելուց հետո անվտանգ սեքսին վերաբերող հրահանգները:
Ավելի վաղ ամերիկյան Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը Էբոլայի վիրուսով վարակվածներին խորհուրդ էր տվել երեք ամսվա ընթացքում ձեռնպահ մնալ առանց պահպանակների օգտագործման սեռական շփումներից: Հետագայում այդ հրահանգները վերանայվել էին այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել տղամարդու մասին, որի սերմնահեղուկում վիրուսի հատվածներ էին հայտնաբերվել նրա մոտ հիվանդության նշանների հայտնվելուց կես տարի անց:
Այժմ հավանաբար եկել է ժամանակը այդ հրահանգների հերթական վերանայման համար: Առողջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո գործող` ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները Էբոլայից բուժված լիբերիացի 429 տղամարդու սերմնահեղուկի հետազոտություն են կատարել: 38 մարդու սերմնահեղուկում վիրուսային հատվածներ են հայտնաբերվել, իսկ նրանց 63 տոկոսի մոտ վիրուսը մեկ տարուց ավելի երկար է պահպանվել: Մի դեպքում վիրուսը հայտնաբերվել է հիվանդի առողջացումից 565 օր անց:
Չնայած հայտնաբերվել են վիրուսի հատվածներ, ոչ թե ապրող վիրուսային մասնիկներ, վարակի վտանգն ամեն դեպքում պահպանվում է: Ի վերջո, հայտնի է հիվանդության սեռական եղանակով փոխանցման առնվազն մեկ դեպքի մասին այն տղամարդուց, որը սեռական շփումից հինգ ամիս առաջ բուժվել էր Էբոլայի տենդից:
Հիշեցնենք, որ Էբոլայի տենդի բռնկում էր արձանագրվել Արեւմտյան Աֆրիկայում` 2013 թվականի դեկտեմբերին եւ դրանից հետո հիվանդությունն ավելի քան 11 000 մարդու կյանք է խլել` ամենից շատ մահեր առաջացնելով Լիբերիայում, Սիերրա Լեոնեում եւ Գվինեայում: 2016 թվականի հունվարի կեսին ԱՀԿ-ն հայտնել է Արեւմտյան Աֆրիկայի տարածքում վիրուսի տարածման ավարտի մասին:






