Նորածինների 6 տոկոսը, որը լույս աշխարհ է եկել Զիկա վիրուսի առաջացրած միկրոցեֆալիայով, տառապում են նաեւ լսողության խանգարումներից: Այդ մասին հայտնում են վիրուսը հետազոտող բրազիլացի բժիշկները: 

Այլ հետազոտական խմբերն արդեն ցույց են տվել, որ Զիկա վիրուսը կարող է ոչ միայն նորածինների միկրոցեֆալիա առաջացնել, այլեւ, օրինակ, մեծահասակների մոտ Հիենա-Բարրեի համախտանիշ: 

Այժմ բրազիլացի գիտնականները միկրոցեֆալիայով 70 երեխայի են հետազոտել: Բոլոր երեխաները վաղ հասակում աուդիոթեստեր են անցել. նրանցից ամենափոքրը 16 տարեկան էր, իսկ ամենաավագը` 10 ամսական: Հետազոտված երեխաների թվում երկվորյակների մի զույգ է եղել, որից միայն մեկն է վարակված եղել  Զիկայով. նրա մոտ երկկողմանի խլություն է արձանագրվել, իսկ երկրորդը լիովին առողջ է եղել: Լսողության խանգարումներ ընդհանուր առմամբ հայտնաբերվել են  5 երեխայի մոտ, որոնցից մեկն է հակաբիոտիկներով բուժման կուրս անցել, ինչը եւս կարող էր լսողության հետ կապված խնդիր առաջացնել: Մնացած դեպքերում հետազոտությունները խլությունը հենց Զիկայով վարակման հետ են կապում: 

Հեղինակները նշում են, որ երեխաները, որոնք կարող են վարակված լինել ներարգանդային զարգացման ընթացքում, պետք է կանոնավոր կերպով աուդիոսքրինինգ անցնեն, ինչը թույլ կտա ժամանակին հայտնաբերել լսողության հետ կապված խնդիրները: Խլությունը կարող է աստիճանաբար զարգանալ, իսկ  լսողությունը կարող է վատանալ ժամանակի ընթացքում: Այդ խանգարումները կարող են ի հայտ գալ նաեւ այն նորածինների մոտ,   ում մայրերը Զիկա տենդ են տարել, նույնիսկ եթե նրանց երեխաների մոտ հետագայում միկրոցեֆալիա չի եղել:

Գիտնականները ենթադրում են, որ լսողության խանգարումները կապված են գլխուղեղի վնասվածքների հետ, որոնք ի հայտ են գալիս Զիկա վիրուսի ազդեցությամբ: Հայտնի է, որ լսողության կորուստ կարող է առաջանալ նաեւ կարմրախտով եւ ցիտոմեգալովիրուսով վարակման հետեւանքով, որոնք, իմիջիայլոց, կարող են միկրոցեֆալիա առաջացնել: