Արեւմտյան երկրներից շատերում մանկավարժական համալսարանների ուսանողներն իրենց ազատ ժամանակն անցկացնում են մանկական հիվանդանոցներում՝ զբաղվելով այն երեխաների ուսուցմամբ, որոնք երկարատեւ բուժման պատճառով չեն կարող դպրոց հաճախել: Իրենց՝ ուսանողների համար դա անգին փորձ է, որը նրանց պետք կգա հետագա աշխատանքի ընթացքում: Դե իսկ երեխաների համար դա դպրոցական ծրագրից ետ չմնալու հնարավորություն է, եթե հիվանդանոցում, որտեղ բուժվում են, հաստիքային ուսուցիչներ չկան: Հայաստանում ուսանողության շրջանում կամավորության պրակտիկան առանձնապես տարածված չէ:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մանկական արյունաբան-ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը նշեց, որ ուսանող կամավորները իսկապես կարող էին հայ երեխաներին վիթխարի օգնություն ցույց տալ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայում, որտեղ աշխատում է Թամամյանը, 6-17 տարեկան 13 հիվանդ է բուժվում, որոնք այսօր՝ սեպտեմբերի 1-ին, չեն կարողացել դպրոց գնալ: Նրանց ախտորոշումները տարբեր են՝ սպիտակարյունությունից (լեյկեմիա) մինչեւ ոսկրի եւ փափուկ հյուսվածքների ուռուցք: Նրանք բոլորը յուրովի խելացի եւ տաղանդավոր են. մեկը հակում ունի մաթեմատիկայի հանդեպ, մյուսը պատմություն է սիրում, երրորդը նկարում է կամ պարում: Նրանցից ոմանք շուտով բուժումը կավարտեն եւ կկարողանան դպրոց հաճախել՝ լրացնելով բաց թողածը, սակայն ոմանք էլ ստիպված կլինեն հիվանդանոցում դեռ երկար ժամանակ մնալ. նրանք այդ ընթացքում զգալիորեն ետ կմնան իրենց համադասարանցիներից:
12-ամյա Դավիթը, որը լեյկոզի դեմ է բուժվում, արդեն շատ ամիսներ դպրոց չի հաճախում: Վերջին ամիսներին նույնիսկ հայրենի գյուղ է ընդամենը մի քանի անգամ մեկնել, քանի որ ժամանակի մեծ մասը Երեւանում՝ հիվանդանոցում է անցկացնում: Այդ ամբողջ ընթացքում նա դասերով չի զբաղվել. ինքնուրույն չի կարող պարապել, իսկ նրան օգնող ուսուցիչներ չկան: Այդ պատճառով ազատ ժամանակ Դավիթը (անունը նրա խնդրանքով փոխված է) հիմնականում խաղում է սմարթֆոնով կամ պլանշետով, իսկ թե ինչպես կհասնի համադասարանցիներին, երբ դպրոց վերադառնա՝ առայժմ նույնիսկ չի պատկերացնում:
Ուսանող կամավորները այնպիսի երեխաներին, ինչպիսին Դավիթն է, կկարողանային օգնել յուրացնել դպրոցական ծրագիրը, դասեր պատրաստել: Իսկ ուսանողները նման փորձի շնորհիվ կսովորեին երեխաների հետ աշխատել, նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, շփվելիս հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, համբերատար լինել եւ մատչելի բացատրել դասանյութը: Ապագայում այդ ուսանողները լավ մանկավարժներ կդառնային:






