Փոքրիկի առաջին կաթնատամները սկսում են աճել 6-7 ամսականում, իսկ 3 տարեկանում երեխան սովորաբար արդեն 20 կաթնատամ է ունենում: Ատամ հանելու գործընթացը երեխաների մեծ մասի դեպքում բավական ցավոտ ու տհաճ է լինում. այդ շրջանում շատերի քունը եւ սնվելու ռեժիմը խախտվում է, երեխան դառնում է դյուրագրգիռ ու լացկան:

Ինչպե՞ս կարելի է օգնել երեխային, ով ատամ է հանում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց մանկաբույժ, մանկաբուժության ամբիոնի ասիստենտ Աննա Բալյանը:

Ալկոհոլը եւ մերսումը վատ գաղափար են

Որոշ ծնողներ փորձում են մատները թաթախել սպիրտ պարունակող խմիչքի մեջ եւ այդ մատներով մերսում են երեխայի լնդերը: Նրանք հավատում են, որ այդպիսի պրոցեդուրայի ժամանակ ալկոհոլի փոքր քանակությունը կօգնի հանգստացնել երեխային: Սակայն մանկաբույժի կարծիքով՝ ամեն դեպքում, նման միջոցի դիմել չարժե:

«Լնդերի մերսումը շատ երեխաների շատ է դուր գալիս. այն հանգստացնում է եւ օգնում ազատվել ցավի զգացողությունից, ուստի հենց մերսումը հակացուցված չէ ատամ հանող երեխաներին»,- ասաց մանկաբույժը՝ նշելով, որ հարցը միայն այն է, թե ինչով եւ ինչպես կարելի է նման մերսում անել:

Եթե ալկոհոլային խմիչքներն օգտագործվում են միայն մատն ախտահանելու եւ երեխայի բերան վարակ չտանելու համար, դա, մանկաբույժի խոսքով, քիչ թե շատ ընդունելի է: Բայց այդ դեպքում պետք է շատ զգույշ լինել եւ սպասել, մինչեւ ալկոհոլը ցնդի մատի վրայից, որից հետո միայն մերսել երեխայի լնդերը:

Այդ մեթոդի հիմնական խնդիրն այն է, որ այդ դեպքում ալկոհոլի քանակության «չափաբաժինը» որոշել գործնականում հնարավոր չէ: Եվ բնականաբար, անցանկալի է, որպեսզի երեխայի բերանն ալկոհոլի զգալի քանակություն ընկնի:

«Եթե մատի միջոցով երեխայի բերանն ալկոհոլ է ընկնում, դա անթույլատրելի է եւ կարող է բացասաբար ազդել երեխայի առողջության վրա»,- ասաց Աննա Բալյանը:

Հատուկ քսուկները լավ գաղափար են

Ալկոհոլի մեջ թաթախված մատներով լնդերը մերսելու փոխարեն՝ մանկաբույժը խորհուրդ է տալիս հանգստացնղ քսուկներ օգտագործել, որոնք անհրաժեշտ քանակությամբ հանսգտացնող եւ ցավազրկող նյութեր են պարունակում, որոնք չեն վնասի երեխային:

«Կարծում եմ՝ համենայն դեպս, ավելի ճիշտ է այդպիսի քսուկներ օգտագործելը: Դրանց թվում կան այնպիսիք, որոնց կողմ է մանկաբույժների մեծ մասը: Շատ փորձառու մայրեր շատ լավ գիտեն այդ քսուկների անունները»,- ասաց Աննա Բալյանը:

«Ծամելու» առարկաները լավ գաղափար են

Քանի որ ատամ հանող երեխան, ամեն դեպքում, փորձում է ծամել ամենը, ինչ ընկնում է ձեռքը, շատ մասնագետներ համարում են, որ ավելի լավ է՝ նրան դեղատնից գնված հատուկ «ծամելու» առարկա տալ: Այդպիսի իր կարող է լինել, օրինակ, ատամների ռետինե օղակը: Այս դեպքում ամենակարեւորն այդ իրը վարակազերծելն է, որպեսզի երեխային հեռու պահել մանրէներից:

Ամալյա Գաբրիելյան