Մաշկի սպիտակեցումը կարող է վնասակար լինել մարդու առողջության համար, հայտնել են Մեծ Բրիտանիայից բժիշկները: 

Այդ հարցի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն կարող է ունենալ մաշկի սպիտակեցումը գլուտատիոնի օգնությամբ, ընդ որում վնասը հասցվում է անկախ այն բանից, թե այդ նյութը սննդի մեջ է ներառվում, թե ներերակային ներարկում է արվում, հայտնում է The BMJ պարբերականը:

Հիշեցնենք, որ այդ նյութը հակաօքսիդանտ է եւ մտնում է մաշկը սպիտակեցնող  դեղամիջոցների կազմի մեջ: Նման դեղամիջոցները որոշ դեպքերում ընդունվում են հաբերի տեսքով, երբեմն էլ` ներերակային ներարկմամբ: Դրանք ակտիվորեն օգտագործում են գեղեցության ինդուստրիայում, ամենից հաճախ` հատուկ սրահներում, որոնք, սակայն, բժշկական արտոնագիր չունեն: 

Գիտնականներն ասում են, որ այդ դեղամիջոցների օգտագործումն առանց վերահսկողության, երբ դրանք ներարկում է բժշկական կրթություն չունեցող մարդ, ծանր հետեւանքների է հանգեցնում, հատկապես եթե նյութի չափաբաժինն ընտրելիս սխալ է թույլ տրվում: 

Արդյունքում կարող է   նյարդային համակարգի վնասում տեղի ունենալ, երիկամների եւ լյարդի այտուցում, տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ եւ քաղցկեղ: 

Դեղամիջոցի ներերակային ներարկման դեպքում եւս մեծանում են ՄԻԱՎ-ով, հեպատիտ   С-ով եւ В-ով հիվանդանալու ռիսկերը: