Ասիայում եւ Աֆրիկայում ավելի քան 2 մլրդ մարդ կարող է վարակվել Զիկա վիրուսով, ասված է Lancet Infectious Diseases ամսագրում հրապարակված զեկույցում:
Օքսֆորդի, Տորոնտոյի եւ այլ համալսարաններից գիտնականների խմբի կարծիքով վիրուսի համար առավել խոցելի են Հնդկաստանի, Ինդոնեզիայի եւ Նիգերիայի բնակիչները: Վիրուսի համաճարակ կարող է սկսվել նաեւ Ֆիլիպիններում, Վիետնամում, Պակիստանում եւ Բանգլադեշում:
Գիտնականների կանխատեսումները հիմնված են ինքնաթիռներով տեղաշարժվող ճանապարհորդների թվի վրա: Բացի այդ, նրանք առանձնացրել են այն երկրները, որոնցում մոծակներ են ապրում, որոնք ի վիճակի են վիրուսի փոխանցող դառնալ, ինչպես նաեւ հաշվի են առել տեղի կլիման: Այդ հիմքի վրա նրանք որոշել են երկրները, որոնցում կարող է համաճարակ առաջանալ վիրուսի` այնտեղ հայտնվելու դեպքում:
Նրանց կարծիքով, շատ երկրներում մարդիկ այնպիսի պայմաններում են ապրում, որոնցում վիրուսը հայտնաբերելը, նրան հակազդելը եւ նրա տարածումը կանգնեցնելը դժվար կլինի: Իրավիճակը բարդացնում է նաեւ իրերի դրվածքն այդ երկրների առողջապահության մեջ: Միաժամանակ գիտնականները հնարավոր են համարում, որ որոշ շրջաններում մարդիկ վիրուսի հանդեպ բնածին իմունիտետ ունեն, ինչը կարող է որոշ չափով նվազեցնել ռիսկերը:
Զիկա վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 65 երկրում, դրանց թվին են պատկանում Ասիայի շատ երկրներ:
Նախ եւ առաջ այդ վիրուսից տուժել են Լատինական Ամերիկայի երկրները: Բրազիլիայում այն արդեն միկրոցեֆալիայով ծնված երեխաների թվի աճի է հանգեցրել: Երկրում հազարավոր երեխաներ են ծնվել փոքր գլխով: ԱՄՆ-ում Զիկա վիրուսով մոտ 300 հղի կին է վարակվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը համաշխարհային սպառնալիք է ճանաչել: Այն փոխանցվում է մոծակների միջոցով եւ սեռական եղանակով: Վիրուսի դեմ պատվաստանյութ առայժմ չկա:






