Մարդասիրական օգնության ծրագրով տրամադրվող նոր դեղամիջոցների շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի  հեմոֆիլիայով փոքր երեխաների կանխարգելիչ բուժում սկսել:  Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է բժիշկ Ասադ Հաֆֆերը, որը Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրի տնօրենն է: 

Նրա խոսքով, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագիրը  վերջերս ընդլայնվել է, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ավելի մեծ թվով երկրների ավելի շատ դեղամիջոցներ տրամադրել: Հայաստանը, օրինակ, ամեն տարի արյան մակարդման գործոնների առնվազն 1 մլն միավոր կստանա. դրանք այն դեղամիջոցներն են, որոնք օգտագործվում են հեմոֆիլիայի ընթացքում ի հայտ եկող բարդացումների կանխարգելման եւ բուժման համար: Այդ դեղամիջոցները, որոնք 4 մլն ԱՄՆ-ի դոլար արժեն, հնարավոր կդարձնեն մինչեւ 5 տարեկան երեխաների բուժումը:

Առողջապահության նախարարության գլխավոր հեմատոլոգ, Հեմատոլոգիայի կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանն իր հերթին նշել է, որ հեմոֆիլիայով հիվանդ մարդիկ հաճախ արյունահոսություններ են ունենում, ինչի հետեւանքով վնասվում են նրանց անոթներն ու մկանները, ինչը հաճախ հաշմանդամության է հանգեցնում:  Սակայն եթե երեխան հեմոֆիլիայի ախտորոշումից անմիջապես հետո սկսի կանխարգելիչ բուժում ստանալ, նա արյունահոսություններ եւ այլ բարդացումներ չի ունենա եւ ամենայն հավանականությամբ կկարողանա խուսափել հաշմանդամությունից եւ ապրել նորմալ կյանքով:  

Խնդիրն այն է, որ արյան մակարդման գործոնները շատ թանկարժեք դեղամիջոցներ են եւ այն, ինչ պետությունը գնում է, բավարար չէ բոլոր հիվանդներին (դրանց թիվը 254 է, որոնցից 54-ը երեխաներ են) կանխարգելիչ բուժմամբ ապահովելու համար: Բարեգործական կազմակերպությունները եւ հիմնադրամները մեծ օգնություն են ցուցաբերում` տրամադրելով մակարդման լրացուցիչ գործոններ եւ այլ դեղամիջոցներ: 

Բժիշկ Ասսադ Հաֆֆերն ու իր գործընկերները Հեմոֆիլիայի համաշխարհային կազմակերպությունից Հայաստան այցի ընթացքում այցելել են նաեւ Արյունաբանության կենտրոն եւ մի քանի բարդ հիվանդի են տեսել արյան մակարդման խանգարումներով, նրանց ներկայացրել են իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչպես է հնարավոր շտկել նրանց բուժումը ավելի լավ արդյունքների հասնելու համար: 

Նրանք նաեւ դասախոսություններով են հանդես եկել երկօրյա միջազգային սեմինարին, որը կազմակերպվել է Երեւանում: Սեմինարը մասնագետների է հավաքել Մոնղոլիայից, Ղրղզստանից եւ Վրաստանից` քննարկելու Հայաստանում եւ տարածաշրջանում Հեմոֆիլիայի բուժման խնդիրները: 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Մեհդի Էլեկիաբին` Shabrawishi (Եգիպտոս) հիվանդանոցի հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավարը նշել է, որ այս այցելությունը հրաշալի հնարավորություն է փորձ եւ գիտելիքներ փոխանակելու. յուրաքանչյուր մասնակիցը կկարողանա որեւէ նոր եւ հետաքրքիր բան իմանալ: Բացի այդ, մասնագետները կկարողանան քննարկել, թե ինչպես ավելի լավ կլինի օգտագործել ստացված մարդասիրական օգնությունը` բարելավելու Հայաստանում հեմոֆիլիայով հիվանդների վիճակը: