Հայաստանի կառավարությունը ցանկանում է մինչեւ 2020 թվականը մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը  20 տոկոսով կրճատել: Այդ մասին հոկտեմբերի 2-ին կառավարության նիստին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ներկայացնելով Մինչեւ 2020  թվականը երեխաների եւ անչափահասների առողջության բարելավման ռազմավարությունը: 

Նախատեսվում է պերինատալ մահացության եւ նորածինների մահացության դեպքերը կրճատել  15 տոկոսով, մինչեւ 1 եւ մինչեւ  15 տարեկան երեխաների հիվանդանոցային մահացության դեպքերը` համապատասխանաբար 10 տոկոսով եւ 20 տոկոսով: Արատներով երեխաների ծննդյան դեպքերը նախատեսվում է կրճատել  15 տոկոսով: 

Մասնավորապես, դրա համար նախատեսված է նոր պատվաստումներ կիրառել ռոտավիրուսի, հեմոֆիլիայի ցուպիկի եւ պնեւմոկոկի դեմ, ինչպես նաեւ պատվաստման ծածկույթը մեծացնել մինչեւ   95 տոկոս: 

Այդ նպատակով անցած  5 տարվա ընթացքում ավելի քան 100 բժիշկ արտասահմանում վերապատրաստում է անցել: Այդ ընթացքում մինչեւ 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվել է  37 տոկոսով, իսկ մինչեւ  5 տարեկանը` 35 (ակնկալվող 30-ի փոխարեն):

2014 թվականին Հայաստանում նորածինների շրջանում մահացությունը կազմել է հազարին 6,7 դեպք, ինչը սակայն բավարար չէ ՄԱԿ-ի Հազարամյակի պահանջների կատարման համար, ասված է ռազմավարությունում: 

Բավարար չեն նաեւ պերինատալ մահացության կրճատման դեպքերը  (2010 թ-ին` հազարին 24,1 դեպք, իսկ 2014 թ-ին` 22,1):

Անհաս երեխաների տոկոսը (2 500 գ եւ պակաս) կազմում է 8 տոկոս, իսկ 500 – 1 000 գ կշռով` 0,2 տոկոս: Հասուն ծնված երեխաների հիվանդացումը   2014 թ-ին կազմել է հազարին 8,5 դեպք: Խորհրդային Հայաստանի ցուցանիշների համեմատ, այդ ցուցանիշը մի քիչ վատացել է (1990 թ-ին`  8,3):

1 հազար դեպքի համար բնածին արատների հաճախությունը  2000 թ-ից հետո մի քիչ կրճատվել է (2000-ին հազարին` 18,4, 2014-ին` 16,9):