Երեւանյան Արյունաբանության կենտրոնում կառուցվող նոր շենքը հրաշալիորեն զինված է եւ ունի հեմոֆիլիայով հիվանդների բուժման համար անհրաժեշտ ամեն ինչ: Նոր կենտրոնի բացումը կօգնի հեմոֆիլիայի բուժումը նոր մակարդակի բարձրացնել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել Ասադ Հաֆֆարը եւ Մեհդի Էլեկիաբին Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայից:
Հայաստան այցի ընթացքում մասնագետներն այցելել են կենտրոն, որը կբացվի մոտ ապագայում: Այցից հետո Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրի տնօրեն բժիշկ Ասադ Հաֆֆերը նշել է, որ նոր շենքում կան բոլոր ծառայությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել հեմոֆիլիայով հիվանդներին, ներառյալ լավ զինված լաբորատորիան, որտեղ հնարավոր կլինի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարել հեմոֆիլիայի ախտորոշման (ներառյալ գենետիկ հետազոտությունները) եւ հիվանդների վիճակի մոնիտորինգի համար:
Մասնագետի կարծիքով, կենտրոնը կօգնի նաեւ արյան չարորակ հիվանդությունների բուժումը նոր մակարդակի բարձրացնել, որովհետեւ այնտեղ այնպիսի պրոցեդուրաներ կկատարվեն, որոնք այսօր բոլորովին էլ ոչ բոլոր երկրներում են արվում (օրինակ` ոսկրածուծի փոխպատվաստում):
Shabrawishi (Եգիպտոս) հիվանդանոցի հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավար Մեհդի Էլկիաբին իր հերթին նշեց, որ նոր կենտրոնը մեկ հարկի տակ է հավաքել բոլոր ծառայությունները եւ բոլոր մասնագետներին, որոնք անհրաժեշտ են արյան հիվանդություններով հիվանդներին, մինչդեռ նույնիսկ զարգացած երկրներում հեմոֆիլիայով եւ այլ հիվանդություններով հիվանդներին անալիզ հանձնելու եւ բուժում ստանալու համար շատ հաճախ անհրաժեշտ է լինում մեկ բուժկենտրոնից մյուսը «վազել»:
Հիշեցնենք, որ նախատեսված է կենտրոնի շինարարությունն ավարտել մինչեւ այս տարվա վերջ: Դրանում նաեւ բարձր չափաբաժնով քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք կլինի` նման առաջին բաժանմունքը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում:







